Կրթության նախարարությունում հաստատակամ են՝ Աշոտ Բլեյանի 65 տարին լրանալուց հետո, ինչպես օրենքն է պահանջում, նա պետք է հեռանա այդ պաշտոնից։
«Ես ունեմ աշխատանք` կրթական համակարգի ամենապատվավոր պաշտոնում: Ես իմ աշխատանքը փոխելու մասին չեմ մտածում, որովհետև դա իմ աշխատանքն է, և ինձ թվում է՝ ես դա անում եմ շատ լավ: 31 տարի առաջ հիմնադրել եմ, 11 տարի չեմ պաշտոնավարել, որովհետև այդ ընթացքում այլ աշխատանքներ եմ կատարել, բայց դա իմ հեղինակած կրթահամալիրն է»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը:
«Բլեյանի դպրոց»-ի աշխատակիցները դիմել են Կառավարությանը՝ «Մխիթար Սեբաստացի» ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու առաջարկով։ Կրթահամալիրում կարծում են՝ դա է հարցի լուծումը, և իրենք որևէ իրավունք չեն խախտում։
«Կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերափոխելը սահմանված է օրենքով, և դա թույլ կտա, որպեսզի կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը իր զարգացման, հեղինակային, կրթական ծրագրերի տարածման համար ստանձնի այսօրվա՝ իր վիճակին համապատասխան իրավունքներ ու պարտավորություններ: Դա նաև հնարավորություն կընձեռի 65 տարին լրացած անձանց, այդ թվում՝ ինձ, պաշտոնավարել հետագայում, իհարկե, եթե ես որոշեմ մասնակցել պետական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթին: Նպատակը շատ ավելի հեռանկարային է, քան ՊՈԱԿ-ի դեպքում է»,- նկատեց Բլեյանը:
Իր մտադրությունների հետ կապված` Բլեյանը նշեց, որ չի կարող ենթադրություններ անել. «Ես ինչ գիտեմ՝ վաղը ինչ կգա գլխիս: Սեպտեմբերի 7-ից ես այլևս չեմ կարողանա աշխատել որպես կրթահամալիր ՊՈԱԿ-ի տնօրեն, բայց այստեղ ողբերգություն չկա: Իհարկե, շատ լավ կլինի, եթե կառավարությունը՝ կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերափոխելու որոշումը արագ կայացնի»:
Բլեյանը կարծում է՝ եթե կառավարությունը գործում է օրենքով, ուրեմն պետք է պաշտպանի իր հիմնադրած կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերափոխելու իրավունքը:
Կրթահամալիրում ասում են՝ եթե իրենց առաջարկը գործադիրը մերժի, ապա պատրաստ են հարցը դատարան տեղափոխել՝ հայց ներկայացնելով ընդդեմ կառավարության. «Դա էլ իրենց իրավունքն է, որովհետև, եթե կառավարությունը հիմնավորված մերժում չներկայացնի, այդ դեպքում կարող է կազմակերպությունը իր մարմինների միջոցով, կրթական համայնքով բողոքարկել, և, եթե որոշումը էլի ձգվի, այսինքն՝ հիմնադրամի ստեղծումը, որովհետև արդեն 2,5 ամիս է անցել, այդ դեպքում ևս բողոքարկումը արդարացի կլինի»,- ընդգծեց կրթահամալիրի տնօրենը:
Նշենք, որ կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերափոխելու դեպքում Աշոտ Բլեյանը կարող է 65 տարին լրանալուց հետո էլ շարունակել ղեկավարել կառույցը՝ արդեն որպես «Մխիթար Սեբաստացի» հիմնադրամի տնօրեն:
Արփինե Հակոբյան