Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող Սբ․ Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի լինելու է դռնփակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսի հայոց պատրիարքարանը, հաղորդում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել սեպտեմբերի 6-ին նախանշված ամենամյա պատարագն անցկացնել դռնփակ։ Եկեղեցու ներսում կարող են գտնվել միայն պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի գլխավորությամբ արարողությանը մասնակից հոգևոր հայրերը, Սբ․ Սեղանի սպասավորները և դպրաց խումբը։
Հաղորդվում է, որ պատարագի ժամերին կղզին փակ է լինելու ուխտագնացության մեկնողների համար, ուստիև պատարագին մասնակցելու համար ուխտագնացության խմբեր կազմելը դիտվում է աննպատակահարմար։
Ավելի վաղ Ermenihaber.am-ը, հղում անելով Վանի նահանգապետի խոսքերին, հաղորդել էր, որ այս տարի Աղթամարի պատարագն անցկացվելու է սեպտեմբերի 6-ին։
Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մանուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ մատցուցվեց։