«Սև Բերդ» ամրոցը պատկանում է Բալասանյանների ընտանիքին: Քաղաքապետն այն ձեռք է բերել 2012 թվականին, այլ սեփականատիրոջից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակը՝ Սոնա Առաքելյանը՝ պատասխանելով ոստիկանության այն հաղորդմանը, որտեղ նշվում էր ամրոցի անօրինական օտարման մասին:

«Բալասանյան ընտանիքը բացարձակապես կապ չունի  ոստիկանության տարածած հաղորդագրության հետ, իրենք ամրոցը ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարար  Հայկ Հայրապետյանից 2012 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Սամվել Բալասանյանը նոր էր ընտրվել  քաղաքապետ, իսկ  Հայկ Հայրապետյանի ընտանիքը վաճառքի էր հանել ամրոցը» ,- նշեց նա:

Մեր զրույցակիցը հայտնեց, որ 2012 թվականին Հայկ Հայրապետյանը եկել էր Լենինգրադից և այդ ժամանակ արդեն սկսվել էին ամրոցի շինարարական աշխատանքները. «Երբ Հայկ Հայրապետյանը մահացավ, իր ընտանիքը ցանկացավ վաճառել այն, սակայն այդ ժամանակ որևէ մեկը  ցանկություն չհայտնեց «Սև Բերդ»-ը գնել։  2012 թվականին, երբ Սամվել Բալասանյանը ընտրվեց քաղաքապետ, մեր քաղաքով հետաքրքրվող մարդիկ ուզում էին, որպեսզի հենց քաղաքապետը գներ այն: Եվ քաղաքապետը, լսելով ընտանիքի անդամների և գյումրեցիների կարծիքները, 2012 թվականին գնեց «Սև բերդ» ամրոցը» ,- ասաց խոսնակը:

Սոնա Առաքելյանը  նշում է, որ այսօր «Սև Բերդ»-ը  տուրիստական ընկերությունների համար դարձել  է շատ կարևոր վայր, այն քաղաքի պատմության մի մասնիկն է,  այնտեղ թանգարան են հիմնել, ջրհոր՝ 23 մետր խորությամբ ու բոլոր կարևոր միջոցառումները, օրինակ՝ Անկախության տոնը, Կոմիտասյան օրերն, Տիգրան Մանսուրյանի երեկոն անցկացվել են այնտեղ ու բոլորն անվճար. « «Սև բերդ» ամրոցը շատ կարևոր վայր է դարձել մեր քաղաքի համար, ամրոցի պահպանման ծախսերը, որոնք  բավական թանկ են, հոգում է  քաղաքապետը»։

 

Հիշեցնենք, որ, ըստ Ոստիկանության տարածած  հաղորդագրության՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոցն ապօրինի կերպով է օտարվել  ֆիզիկական անձի։ Այն 1995  հունիսի 6-ին թվականին կառավարության որոշմամբ հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ, որը և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
2005 թվականի ապրիլին ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականով այն հանձնվել է պաշտպանության նախարարությանը։
Ոստիկանության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք ելնելով  անձնական շահագրգռվածությունից ու չարաշահելով իրենց լիազորությունները՝ ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող հանրապետական նշանակության Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը։

Ֆիզիկական անձի անվամբ այն գրանցել են 2005 թվականի մայիսի 19-ին, ինչի հետևանքով պետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության օրինական շահերի, պատճառվել է էական վնաս։

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ։

Ոստիկանության տեսանյութը՝ դիտեք կից։