Սպիտակ շնաձուկը, որն ավելի հայտնի է մարդակեր- շնաձուկ անունով, մոտեցել է ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեյփ-Քոդ ծովափին, հայտնում է The Mirror֊ը։
Հսկա 4 մետրանոց ձկան լողակները նկատել են հանգստացողները։
«Շնաձուկը մինչև երեք մետր մոտեցել է ափին։ Նա մոտ մեկ մետր լայնություն ուներ։ Մոտ 10 րոպե լողացել է ծանծաղուտում։ Հանգստացողներից ոչ ոք չի տուժել»,-պատմել են ներկաները։
Ատլանտյան սպիտակ շնաձկների հետազոտությամբ զբաղվող բնապահպանական կազմակերպության անդամները ևս լուսանկարներ են տարածել համացանցում։ Նրանք նաև հիշեցրել են, թե ափին որքան մոտ կարող են գալ շնաձկները։ Բնապահպանները զգուշացրել են հանգստացողներին այդ վտանգի մասին:
Այս անգամ շնաձուկը չի անհանգստացրել անգամ լողափին մոտ գտնվող ծովափոկերին: