Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաեւ լավ լուրեր: Օրինակ՝ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաեւ ծաղիկների արտահանումը՝ 16.9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք: Ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք:
Այս ցուցանիշները, անշուշտ, որևէ լուրջ ազդեցություն չեն թողել և չէին կարող թողնել տնտեսության զարգացման դինամիկայի վրա, սակայն, ըստ էության, մեծապես նպաստել են հենց արտահանողների ֆինանսական դրության բարելավմանը՝ համավարակի ֆոնին: Իսկ ամենաուշագրավը այն է, թե ովքեր են վերը նշված ապրանքների արտահանողները: Ինչպես գիտենք՝ նախկին իշխանության օրոք մեծածախ արտահանումներ իրականացնելու համար պետք էր ունենալ շուկայում գերիշխող դիրք և իշխանությունների դաբրոն: Այսօր Փաշինյանի նշած ապրանքները արտահանում են այն նույն անձինք, ինչ մինչ հեղափոխությունը: Օրինակ՝ լոլիկ արտահանող ընկերությունների շարքում է «Ֆուդարմ» ՍՊԸ-ն, որը 2015 թվականին հիմնադրել է Անդրանիկ Գալստյանը և որի 100 տոկոս բաժնետոմսերը 2018 թ.-ի սեպտեմբերին անցել են Բաբկեն Ղազարյանին։ Ղազարյանը Թոխմախի Բաբո անունով հայտնի Արարատյան մաքսատան պետի նախկին տեղակալն էր, Մհեր Սեդրակյանի մտերիմներից։ 2013 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի ներկայացուցիչն է եղել Էրեբունի վարչական շրջանում։
Հաջորդ խոշոր արտահանողը ևս պատահական մարդ չէ: «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թ-ին՝ եղբայրներ Արամ և Աբել Ղարիբյանների կողմից: Արամ Ղարիբյանը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականն էր: Նա 2015թ. հունիսի 11-ին օտարել էր իր բաժնեմասը: 13 և 27 տոկոս բաժնեմասով ընկերության սեփականատեր են նրա հորեղբոր որդիները՝ Մարկոս և Արա Ղարիբյանները:
Ծաղիկների արտահանման բիզնեսում դերակատարություն ունի «Էկոտոմատո» ՓԲԸ-ն, որը ստեղծվել է 2011թ. Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Ընկերությունում մասնաբաժին ունի նույն Արամ Ղարիբյանը: Գողթում կառուցած նրա ջերմոցներում աճեցնում են հոլանդական վարդեր:
Բանջարեղեն և մրգեր աճեցնող, արտահանող մյուս ընկերությունն էլ «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն է: Ընկերության բաժնետերերի կազմում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիները՝ Հենրիկ եւ Ռուբեն Հարությունյանները: Վերջիններս, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ տիրապետում են նշված ընկերության բաժնետոմսերի 17-ական տոկոսների:
Ընդամենը մեկ ամիս առաջ էլ Փաշինյանը հպարտանում էր մսի արտահանման ծավալների ավելացմամբ: Չմոռանանք, որ մսի արտահանման մենաշնորհն էլ իր հերթին պատկանում է Փաշինյանի կողմից՝ ՀՀԿ ֆինանսական կտուրը հորջորջված Սամվել Ալեքսանյանին:
Ձկնամթերքի արտահանման ծավալների ավելացումը նույնպես Փաշինյանի կողմից դիտարկվել է իբրև լրջագույն խթան տնտեսության զարգացմանը: Ձուկ արտահանող ընկերություններից է «Մոսֆիշ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի աղջկան՝ Լուսինե Ալեքսանյանին։
Պղնձի արտահանման ծավալներով հպարտացող Փաշինյանը պետք է նաև հիշի, որ վերջին տարիներին Հայաստանից պղինձ արտահանող ամենա խոշոր ձեռնարկությունը՝ Զանգեզուրի ՊՄԿ-ն հենց ինքն է ակնարկներով կապել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ շրջապատի հետ, ասել է թե ըստ Փաշինյանի՝ հենց նրանք են այսօր հանդիսանում ՊՄԿ-ի սեփականատերերը:
Թռչնամսի արտահանման ծավալների ավելացումը նշված է եղել անգամ վարչապետ Փաշինյանի 100 նոր փաստերի մեջ, մինչդեռ հիշեցնենք, որ թռչնամիս արտահանում են օրինակ՝ Սպիտակի թռչնաբուծական ֆերման, որը պատկանում է Սերժ Սարգսյանի մտերիմներից Արկադի Համբարձումյանին՝ Դերժավի Արկադիին: Լուսակերտի թռչնաբուծարանն էլ իր հերթին պատկանում է Սարգսյանի մտերիմներից մյուսին՝ Հարություն Փամբուկյանին:
Անգամ «Մետեքսիմ» ՍՊԸ-ի գովազդը որը իր էջում վերջերս արել էր Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ հպարտություն է ՝ Սերժ Սարգսյանի շրջապատի հետ առնչվող ընկերության հարստացման հիմքով, այն պարզ պատճառով, որ ջարդոնի արտահանման մենաշնորհը պատկանում է «Մետեքսիմ» ընկերությանը, որի տերը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի եղբայրն է' Միքայել Հարությունյանը։ Գրիգոր Հարությունյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է, համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ:
Փաշինյանի կողմից իբրև համավարակի ֆոնին ՝ տնտեսական հաջողության ավետիս բերված օրինակները անշուշտ չնչին են այն ձախողումների և դժվարությունների հետ, որոնց այդ նույն համավարակի ֆոնին բախվել է Հայաստանի տնտեսությունը: 5 միլիոն դոլարի շահույթը առարկայական և շոշափելի է միայն տվյալ բիզնեսում ներգրավված տնտեսվարողի համար, իսկ նրանց մեծ մասը ինչպես տեսանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի հետ: Փաշինյանն էլ ոչ ավել, ոչ պակաս հպարտանում է՝ համավարակի ֆոնին վերջիններիս հարստացման հանգամանքով…