Այն, որ վերջին 2-3 ամիսներին Ամուլսարում լարվածություն կա՝ փաստ է։ Անընդհատ սադրանքներ կան, թե՛ նախկին պահնորդների, թե՛ նորեկների կողմից։ Վերջիններս Ջերմուկի մի քաղաքացու դաժան ծեծի էին ենթարկել, նրան օգնության հասած ոստիկանին նույնպես, որը, ի դեպ, նկարահանվել էր։ Անընդհատ լարված է իրավիճակը, թեև «Լիդիան Արմենիան» ինչ-որ մոնտաժված տեսանյութ էր տրամադրել ու, երբ ոստիկանությունից պահանջել եմ իրենց տեսախցիկների ողջ տեսանկարահանումը՝ հրաժարվել են տրամադրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։

Ակտիվիստը նշում է՝ իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն և հարցին շուտափույթ լուծում տան, իսկ թե ինչի չեն լուծում՝ պետք է ուղղել իշխանություններին։

«Երբ Փաշինյանը Ջերմուկ էր եկել, հրապարակավ մեզ ասաց, որ լիբանանյան «Էլարդի» փորձաքննության արդյունքներից հետո, հիմք ընդունելով այդ պատասխանները, Ամուլսարի հարցը կլուծվի, բայց դրանք եկան ու անցան, հարցն էլ դեռ օդում կախված է։ Մենք ասել ենք, ասում ենք ու էլի ասելու ենք, որ դեռ 2018 թվականին ժողովրդի կողմից Ամուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում հետդարձի ճանապարհ և ինչ-որ կոմպրոմիսներ չեն լինելու, մնում է՝ մեր հարգարժան կառավարությունը համակերպվի դրա հետ ու որոշում կայացնի՝ հօգուտ ՀՀ-ի»,- ասաց ակտիվիստը։

Մի քանի օր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր տարածքից հեռացրել էր «Ամուլսարի պահապանների» վագոն-տնակները: Բունիաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա նորից վագոն-տնակները իրենց տեղում են, մարդիկ շուրջօրյա հերթապահում, գիշերում են, այսինքն՝ պայքարի մեջ ոչ մի բան չի փոխվել։

«Մենք վերջին օրերին տեսանք, որ մի խումբ մարդիկ գնացել էին՝ Ամուլսարի հանքի շահագործման պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում, ինչ-որ մեղադրանքներ էին հնչեցնում, որ պատգամավորները մեզ ֆինանսավորում են, հրապարակավ ինչ-որ անպատասխանատու հայտարարություններ են անում, մենք էլ այնքան բարեհոգի ենք, որ դրան լուրջ չվերաբերելով՝ ուղղակի փորձում էինք ուշադրություն չդարձնել, այլապես օրենքը պետք է իրենց պարտադի, որպեսզի իրենք փաստեր տրամադրեն՝ իրենց փոխանցած տեղեկատվության համար, իսկ եթե չկա, ապա պետք է պատասխանատվություն կրեն իրենց անպատասխանատու հայտարարությունների համար» ,- ընդգծեց ակտիվիստը և հավելեց․ «Ինչ վերաբերում է, որ կան ինչ-որ ուժեր, կուսակցություններ, որոնք աջակցում են մեզ, ապա ասեմ՝ չկա նման բան։ 2,5-3 տարի է՝ այս գործընթացը կա ու մինչև հիմա չկան փաստեր կամ հիմքեր, որ ֆինանսավորվում ենք, ինչ-որ աջակցություններ կամ ուղղորդումներ ենք ստանում»։

Բունիաթյանը նշեց, որ հիմա Ամուլսարում հարաբերական խաղաղ վիճակ է։

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Վերջիններս կարծում են՝ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ' «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: