ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել՝ սահմանային բախման հետ կապված:
«Լավրովն այս պահին ինտենսիվ կոնտակներ է հաստատում, որպեսզի կողմերին բերի զինված բախումների դադարեցմանը Ղարաբաղում և բանակցությունների անցկացմանը»,-հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված՝ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարություն:
«Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման միջազգային ճանաչման մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- նշվում էր հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։
Այս պահին պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ և ԱԹՍ-ներ է խոցել։
Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Զինվորականների շրջանում կա 10 զոհ: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։