Չնայած երեկ Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո մեր հարեւանի կառավարությունը հայտարարել է, թե իբր արգելելու է իր օդային տարածքով ռազմական բեռի տեղափոխումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտի, փաստ է, որ Վրաստանի երկնքով ադրբեջանական օդանավերը շարունակում են թռչել Թուրքիա, գրում է Hetq.am-ը:

Բնականաբար, այս ինքնաթիռները, որոնք վերջին օրերին «հերկում են» Վրաստանի երկինքը արեւելք-արեւմուտք ուղղությամբ, Ադրբեջանին անվերապահ աջակցություն հայտնած եւ կոնֆլիկտի մաս դարձած Թուրքիայից սովորական բեռ չեն տեղափոխում: Վրաստանի իշխանությունները դժվար թե այնքան միամիտ լինեն, որ չհասկանան սա:

Այսպես՝ Վրաստանի կառավարության երեկվա հայտարարությունից հետո միայն այսօր ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության «Իլ-76» բեռնատար ինքնաթիռները մի քանի անգամ թռել են Թուրքիա՝ օգտագործելով Վրաստանի երկինքը:

Դրանցից 4K-AZ40 գրանցումով օդանավն այսօր Ադրբեջանից թռել է Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական Դալաման (տես ստորեւ), որտեղից այս պահին վերադառնում է:

 

Նույն ուղղությամբ կրկին այսօր արդեն թռել եւ վերադարձել է 4K-AZ41 գրանցումով «Իլ-76»-ը, որը Դալաման թռել էր նաեւ երեկ: 4K-AZ41-ը այսօր նաեւ հասցրել է վայրէջք կատարել Ստամբուլում (տես ստորեւ): 

Վրաստանի կառավարությունը հայտարարել է, թե իբր ապատեղեկատվություն է այն, որ իր երկնքով Ադրբեջան են տեղափոխվել սիրիացի վարձկաններ, սակայն հայտարարությունը մի բան է, փաստն՝ այլ բան: Ինչպես արդեն գրել ենք, սեպտեմբերի 30-ի լույս գիշերը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից, որի իշխանությունները ներլիբիական կոնֆլիկտում վայելում են Թուրքիայի աջակցությունը, Բաքու է թռել լիբիական «Buraq Air»-ի մարդատար «Boeing 737» օդանավը: Այն անցել է Թուրքիայի եւ Վրաստանի երկնքով, ապացույցներն առկա են, ներկայացրել ենք: 

Ահա այս ֆոնին եւս մի հետաքրքիր արձանագրում պիտի անենք: Խոսքն այս անգամ Աֆղանստանի մասին է, որը եւս հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին: Զարմանալի կլիներ, եթե ադրբեջանական օդանավ չտեսնեինք Աֆղանստանում:

 

«Silk Way Airlines»-ի քույր ընկերության՝ «Silk Way West Airlines»-ի «Boeing 747» բեռնատարը (4K-SW008) Բաքվից թռել է Դուբայ, ապա այս գիշեր այնտեղից մեկնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու գտնվող Բաղրամի ավիաբազա, որտեղից կրկին Դուբայով արդեն վերադարձել է Բաքու (տես ստորեւ): Բաղրամի ավիաբազան օգտագործվում է Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերի կողմից:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում