Շուրջ 13 օր է, ինչ Արցախում տեղի են ունենում մարտական գործողություններ։ Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում են նաև քաղաքացիական օբյեկտներն ու եկեղեցիները։ Չնայած Ադրբեջանի կողմից կատարվող սադրիչ գործողություններին՝ աշխարհը դեռ լռում է, և էական քայլեր տեղի չեն ունենում ստեղծված իրավիճակին վերջ տալու համար։ ԼՈՒՐԵՐ․com-ը այս և այլ իրադարձությունների շուրջ զրուցել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ։
Երեկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ազատվեց աշխատանքից. ռազմական դրության պայմաններում որքանո՞վ էր նպատակահարմար նման կարևոր պաշտոնյայի աշխատանքից ազատումը։
- Ես նախկինում գրել եմ, որ նրա բուն նշանակումը սխալ էր, այսպիսի անփորձ երիտասարդները չեն կարող ղեկավարել մեր պես բարդ անվտանգային վիճակում գտնվող երկրի Ազգային անվտանգության ծառայությունը։ Ցավոք, այդպիսի սխալները բազում են, և իրենց հիշեցնել են տալիս առավել կրիտիկական պահերին։
Կարո՞ղ ենք Քյարամյանի հեռացումը համարել պարտադրված քայլ։
- Չէի ցանկանա այս թեմայով սպեկուլյացիա անել, քանի որ լիարժեք տեղեկություններ չունեմ։ Ինչպես արդեն նշեցի, իմ կարծիքով նա ի սկզբանե իր տեղում չէր։
Օրերս Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն ասել էր, որ կողմերը պետք է վերաներգրավվեն բանակցություններում առանց նախապայմանների ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո։ Ի՞նչ է նշանակում առանց նախապայմանների արտահայտությունը և կոնկրետ ո՞ւմ է ուղղված։
Այն ակնհայտորեն ուղղված է Ադրբեջանին, որը մինչև հիմա պատրանքներ ունի, որ կարող է ուժային ճնշման և մեր բնակավայրերի ռմբակոծման միջոցով մեզ հակամարտության կարգավորման սեփական տարբերակը պարտադրել։ Հիմա սակայն, ուղիղ հակառակ վիճակն է՝ Ադրբեջանը սպառել է ուժային ճնշման իր հիմնական ներուժը, և պետք է հրաժարվի ցանկացած նախապայմանների լեզվից, դադարեցնի ռազմական գործողությունները, և վերադառնա բանակցությունների սեղանին՝ գիտակցելով, որ Արցախի անջատումը Ադրբեջանից այլընտրանք չունի։
Ոմանց կարծիքով, մասնավորապես, Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի, այս խնդիրը պատերազմի միջոցով չի լուծվի: Ըստ Ձեզ ինչպե՞ս պետք է լուծվի։
- Կարծում եմ, որ Արցախի խնդիրը այս պատերազմի արդյունքում իսկապես աննախադեպ միջազգայնացվել է, և նրա վերջնական լուծումը պայմանավորված է մեր տարածաշրջանում ուժային հաշվեկշռի հետագա զարգացումներով։ Մի կողմից Թուրքիան և պրոթուրքական ուժերը, մյուս կողմից Թուրքիայի ծավալապաշտությանը հակազդող ուժերը, ներառյալ Հայաստանը, պայքարելու են ազդեցության և հնարավորությունների հետագա աճի համար, և ի վերջո հարցը լուծվելու է այն կողմի օգտին, որը կհաջողի այս դաժան մրցավազքում։ Պատերազմը այդ իմաստով ավելի շատ այդ ուժային հաշվեկշիռը ֆորմալացնելու ակտ է։ Չի բացառվում սակայն, որ ոչ մի կողմը դեռ երկար ժամանակ ընդգծված առավելություն չունենա, և խնդրի վերջնական լուծումը հետաձգվի ևս մի քանի տասնամյակով։
Տարածաշրջանում Թուրքիային ու Ադրբեջանին զսպող մեծագույն գործոնը նախևառաջ հայկական բանակն է, հաջորդը ո՞ր գործոնը կարող է լինել և պետք է լինի։
- Նախ, եթե սկսենք Հայաստանից, ապա բանակը, ի վերջո, պետք է հենվի հզոր պետության և մրցունակ տնտեսության վրա, ուստի առաջիկա տարիներին հենց դա պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, այլապես մենք չենք կարող շարունակաբար ամբողջ բեռը բանակի վրա դնել։ Ավելի լայն իմաստով, Թուրքիային և նրա սատելիտներին զսպող կարևոր գործոն են, ներառյալ մեր տարածաշրջանում, նրան հակազդող այլ տերությունները, և մեր առանցքային խնդիրն է լինելու համադրել սեփական շահերը այդ տերությունների շահերի հետ, ընդ որում, ոչ միայն ռազմական ոլորտում, այլև քաղաքական և տնտեսական։ Մեզ համար խիստ կարևոր է, որ այդ տերությունների հետ մեր հարաբերությունները զարգանան վստահության մթնոլորտում, դա հիմնական երաշխիքն է, որ նրանք մեզ կաջակցեն շարունակական կերպով, և մեր թիկունքում Թուրքիայի հետ մեր շահերին դեմ գործարքներ չեն անի, ինչպես դա եղել է նախկինում։
Ոմանք կարծում են, որ այս հարցը կարող է լուծվել միան այն դեպքում, երբ Ռուսաստանը իրական, առարկայական գործողություններ ձեռնարկի։
- Կախված է նրանից, թե ինչ նկատի ունեք «հարցը լուծվելու» տակ։ Եթե խոսքը գնում է նոր հրադադար հաստատելու մասին, ապա կարծում եմ, որ Ռուսաստանի դերակատարումը կարող է իսկապես խիստ էական լինել։ Հարցի վերջնական լուծումը, սակայն, շատ ավելի ընդգրկուն է, դրա մասին ես վերը արդեն խոսեցի։
Ժնևում և Մոսկվայում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով. ինչ օրակարգով և առաջնահերթությամբ պետք է Զոհաբ Մնացականյանը գնա այդ հանդիպմանը։
Կարծում եմ՝ այս պահին դիվանագետների համար հիմնական առաջնահերթությունը արյունահեղության դադարեցումն է։ Մյուս կողմից, Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ, և նրա փաստացի ձախողումը որակապես նոր իրավիճակ է ստեղծել, երբ այլևս հնարավոր չէ վերադառնալ փուլային կարգավորման որևէ տարբերակի, որում նախատեսվում է տարածքների վերադարձ՝ ապագայի խոստումների դիմաց։ Այս իմաստով, մեր դիվանագիտության հիմնական առաջնահերթությունը պետք է դառնա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, և հետագա բանակցությունների շարունակությունը՝ արդեն այս նոր մեկնակետից։
Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի