2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրս Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային-հրթիռահրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գրոհների թիրախ դարձած Արցախի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավոր գույք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ են վնասվել։ Արցախի խաղաղ բնակավայրերի գույքի վնասների հատուցման հարցի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է մարդու իրավունքների hարցերով փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանի հետ:
Նրա խոսքով՝ ինչպես 2016 թվականին, այնպես էլ հիմա գույքի փոխհատուցման հարցով կարելի է դիմել ՄԻԵԴ, բայց դեռ վաղաժամ է դրա մասին խոսել․ «Այս պահին որոշակի տվյալներ կան վնասների մասով, կարևորը, որ հաշվարկներն արվեն մասնագիտորեն, որպեսզի իրավական գործընթացներում ապացույցների չափանիշների շեմը ապահովված լինի, հաշվարկների ճշգրտությունը ամբողջությամբ արժանահավատ լինի և վիճահարույց չլինի»,- ասաց նա՝ նշելով, որ նման հարցերով առաջին հերթին պետական մարմինները պետք է զբաղվեն, որովհետև իրենք ունեն այդ ռեսուրսը։
Ըստ Ղազարյանի՝ վնասի փոխհատուցման հարցով դիմելու համար մեզ ամենամոտ միջազգային ատյանը ՄԻԵԴ-ն է։ Արդեն իսկ ակտիվ վարույթներ կան՝ սկսած 1990-ականների դեպքերի, 2016-ի և ներկա շատ ավելի մեծ մասշտաբներով վնասների հետ կապված։ Սկսվել է միջպետական իրավական գործընթաց՝ դատավարություն և գույքային վնասը այդ դատավարության կենտրոնական ոլորտներից մեկը կլինի, բայց դրա համար տարիներ են պետք, ահռելի աշխատանք, քանի որ դատավարության համար կարևորը ապացույցներն են, որոնք պետք է ամրագրել, մշակել, համապատասխանեցնել բազմաթիվ ստանդարտների։
Իրավաբանը նշեց, որ նախադեպեր ունենք, երբ միջպետական գործերով ՄԻԵԴ-ը հասել է հաջողության և գտնում է, որ իրավաբանությունն այդ ուղղությամբ բավականին զարգացած է․ «ՄԻԵԴ-ը, օրինակ, Օհանյանի գործով մի այդպիսի չափանիշ է կիրառել 2016 թ․ գույքային գործով, որ որոշակիորեն նվազեցնում է այդ գործերի պոտենցիալ քանակը, որը կարող է հաղթահարել ապացուցման շեմը։ Պարզապես, փոքր-ինչ դժվար է ապացույցների հետ աշխատել․ այսինքն վնասը պետք է առերևույթ, ուղղակի լինի և ապացուցվի, որ վնասը հասցվել է ռմբակոծության արդյունքում։ Վնաս չի համարվում, օրինակ, տնից 50 մետր հեռավորության վրա ռմբակոծության արդյունքում տան ապակիների փշրվելու հանգամանքը։ Սահմանվում է ապացույցի առավել բարձր ստանդարտ, որ առավել առերևույթ բնույթի վնասները այդ ստանդարտը հաղթահարեն։ Այսպիսի դատավարական բարդություններ, դժվարություններ կան, որոնք պետք է հաղթահարել։
Սկզբունքորեն բավականին զարգացած ուղղություն է և կարող ենք հասնել հաջողության, ամբողջ հարցը այն է, թե քանի գործով։ Շատ գործեր ճանապարհին որոշ ֆիլտրների չեն դիմանա և չեն հասնում վճռին, ինչը բնորոշ է դատավարություններին»,- նշեց իրավաբանը։
Ղազարյանը նշեց՝ երկար աշխատանք պետք է տարվի, որը դրված է պետական, քրեադատավարական մարմինների վրա, սակայն հիմա՝ զինված հակամարտության ակտիվ փուլում դժվար է զբաղվել ապացույցներով։ Ըստ նրա՝ եթե Ապրիլյան պատերազմը 4 օր տևեց և արդեն 5-րդ օրը քննիչներն աշխատում էին այդ ուղղությամբ, ապա այժմ չեն կարող, թեև ապացույցներն անհրաժեշտ են, և դրանք ժամանակի ընթացքում վերանում են։ Իրավաբանը սա ևս խնդիր է համարում, սակայն կարծում է՝ դա էլ կհաղթահարվի։
Սոնա Հարությունյան