Ադրբեջանը, չունենալով իր կողմից այդքան ցանկալի զգալի և շոշափելի հաջողություն ռազմադաշտում, անցել է իր համար առավել հարազատ մարտավարությանը՝ ներքին սպառման համար կեղծիքներ տարածելուն: Սակայն, հայկական կողմը անչափ օպերատիվ կերպով կարողանում է կոտրել ադրբեջանական քարոզչամեքենայի հորինած միֆերը:

Դիցուք՝ դեռևս պատերազմի առաջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություն էր տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։ Սակայն, որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե Տոչկա-Ու, այլ բոլորովին այլ հրթիռ։ Փաստորեն, հարևանները Տոչկա Ու-ն չեն տարբերում Սմերչից:

Ադրբեջանական կողմի երկրորդ «ապացույցը» վերաբերում էր Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի վրա իբր Հայաստանից արձակված հրթիռներին։ Ադրբեջանական մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ որոշ տելեգրամյան ալիքներ և Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսը, մի տեսանյութ տարածեցին, որում, իբր, երևում է, թե ինչպես են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) խոցում հայկական կողմից արձակված հրթիռները։ Իրականում, սակայն, այս տեսանյութը արվել է 2018-ի հոկտեմբերին՝ Իսրայելում։ Տեսանյութում իսրայելական ՀՕՊ-ը խոցում է Գազայի հատվածից պաղեստինցիների կողմից արձակված հրթիռները։ Ավելին, Ադրբեջանը պնդում է, որ հրթիռներն արձակվել են Հայաստանի տարածքից, որի համար որևէ ապացույց չեն ներկայացրել։ Այս պնդումը նաև պաշտոնապես հերքվեց ՀՀ ՊՆ խոսնակի կողմից։

CNN-ի թուրքական ծառայությունը, փորձելով արդարացնել Սիրիայից բերված ահաբեկիչների ներկայությունը Ադրբեջանում, որոնք ներկայումս էլ կռվում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ, հրապարակեց նաեւ 2019 թվականին արված լուսանկար՝ շարունակելով պնդել, թե Արցախում ադրբեջանցիների դեմ կռվում են ՔԱԿ «ահաբեկիչները»։ Սակայն, պարզվեց, որ այս լուսանկարն էլ իրականում արվել է Սիրիայում եւ ներկայացնում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ստեղծված «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից մեկ դրվագ։

Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:
Ադրբեջանական լրատվական կայքերը վերջին օրերին հայկական կողմին մեղադրում են պատերազմական գործողություններում երեխաներին ներգրավելու մեջ՝ որպես ապացույց ներկայացնելով մի շարք լուսանկարներ։ Ամենաշատ տարածվող լուսանկարներից մեկում հայկական բանակի համազգեստով տղամարդկանց առջև կանգնած աղջիկ երեխաներ են՝ ձեռքերում Կալաշնիկով ավտոմատներ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս լուսանկարը ապացուցում է, որ հայկական բանակը Ադրբեջանի դեմ պատերազմում օգտագործում է նաև անչափահաս աղջիկների։ Սակայն, բաց աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լուսանկարը համացանցում տարածվել է առնվազն 2016-ի ապրիլին։ Բացի այդ, լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ երեխաները նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություններ չունեն, և անհեթեթ են ռազմական գործողություններին երեխաների մասնակցության վերաբերյալ պնդումները:

Ադրբեջանական freeazerbaijan.info կայքը, այսօր՝ հոկտեմբերի 2-ին տեղեկություն էր հրապարակել, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծանր վիրավորվել է։ Ուշագրավ է, որ կայքը նաև հաստատում է, որ Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնասներ են հասցրել քաղաքին։ Ըստ վերոնշյալ կայքի' այդ ընթացքում, իբր, վիրավորվել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ադրբեջանական հաքերները հրապարակել են հայկական կողմի՝ իբր զոհված զինծառայողների կեղծ ցուցակ՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել հասարակության վրա և կասկածներ սերմանել: Սակայն, ինչպես պարզվեց, ադրբեջանցիները պարզապես տարածել էին ՀՀ ընտրական ռեգիստրի ցանկում ներառված ՀՀ քաղաքացիների տվյալներ:

1news.az ադրբեջանական կայքը ապատեղեկատվություններ է տարածում։ Զինվորների մայրերի ակցիայի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ նյութերն ամբողջությամբ սուտ են:

Ադրբեջանական քարոզչամեքենայի ևս մի ձախողում. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը, հակասում են միմյանց՝ իրենց տարածքում թուրքական F-16-երի առկայության առնչությամբ։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: