Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմմելն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Նա մասնակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած՝ Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների միջազգային կոնֆերանսին։
Կոնֆերանսի շրջանակներում հրավիրվածները խորապես ուսումնասիրում են Արցախյան խնդիրը և փնտրում ուղիներ՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրանց մասնակցությունն այս հարցի լուծմանն ակտիվորեն խրախուսելու և պատերազմը կանգնեցնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարրի վան Բոմմելը նոյեմբերի 2-ին այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոն։ Բոմմելը կոչ է արել Եվրոպային բարձրաձայնել Ադրբեջանի կողմից ընդդեմ հայերի կատարվող վայրագությունների փաստը։