Արցախում ականատես ենք լինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների ամենօրյա ռմբակոծությունների` այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի օգտագործմամբ: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը իտալական SIR տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կիրակի՝ նոյեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից արված ուղերձի լույսի ներքո:
-Պարոն դեսպան, կներկայացնե՞ք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:
-Իրավիճակն ավելի քան լուրջ է, քանի որ ականատես ենք լինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների ամենօրյա ռմբակոծությունների` այդ թվում միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերի օգտագործմամբ, ներառյալ կասետային ռումբեր ու այս օրերին օգտագործվող արգելված սպիտակ ֆոսֆոր, որով հրդեհում են Արցախի անտառները: Սա միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան ու միջազգային այլ կոնվենցիաների կոպիտ ոտնահարում է: Բազմաթիվ ռազմական փորձագետներ հաստատում են, որ 21-րդ դարում նման մասշտաբային ռազմական գործողություններ չեն գրանցվել, Արցախի դեմ օգտագործվում են բոլոր տեսակի ժամանակակից զինատեսակները, ներառյալ տանկեր, զրահամեքենաներ և անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի հրետանի, հրթիռներ և ավիացիա՝ ուղղաթիռների, ինքնաթիռների ու մեծաքանակ զորքերի ներգրավվմամբ։
-Նմանօրինակ լարված իրավիճակում որքանո՞վ Ֆրանցիսկոս Պապի կոչը կարող է ազդել, որպեսզի հակամարտության կողմերը հանձնառու լինեն խաղաղ բանակցություններին:
-Շատ կարևոր է, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը կրկին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց իրավիճակին։ Հռոմի Պապը կոչ արեց չմոռանալ «թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, ուր զինված բախումները հետևում են միմյանց փխրուն հրադադարներից հետո»: Նա քննադատել է զոհերի թվի ողբերգական աճը, բնակավայրերի, քաղաքացիական ենթակառույցների և աղոթատեղերի ավիրումը: Ինչպես արդեն տեղյակ եք, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը երկու անգամ թիրախավորված հրթիռակոծվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
-Ի՞նչ կցանկանայիք ասել միջազգային հանրությանը:
-Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցնում է ծանր հումանիտար ճգնաժամի միջով: Արցախահայությանը սպառնում է ցեղասպանության վտանգը, և մենք դա ասում ենք՝ գիտակցելով «ցեղասպանություն» բառի իրական իմաստը: Միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք վճռական, առաջնորդող դերակատարում և գործողություններ՝ կանխելու համար նոր անմեղ զոհեր: Մասնավորապես Եվրամիությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է տնտեսական և դիվանագիտական ճնշումներ գործադրեն՝ ստիպելու Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում մենք ևս մեկ անգամ հաստատում ենք Նորին Սրբության խոսքերը՝ հնարավորինս շուտ դադարեցնել այս արյունահեղությունը և ներգրավվել առարկայական բանակցություններում: Իսկ միջազգային լրատվամիջոցներից մեր սպասումներ են ճշգրիտ տեղեկատվության և ճշմարտության տարածումը` ավելի հնչեղ դարձնելու պատերազմի զոհերի ձայները և աշխարհին բացահայտելու թուրք-ադրբեջանական հանցավոր դաշինքի կողմից և հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ տեղի ունեցող գլխատումների, սպանությունների և էթնիկական զտումների աներևակայելի սարսափները։
-Արդյո՞ք գոյություն ունի կայուն և տևական խաղաղության համար հնարավոր լուծում:
-Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները, որոնց աջակցում են Թուրքիան և միջազգային ահաբեկիչները, մնում են անպատիժ և միտումնավոր խոչընդոտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները, միակ արդյունավետ լուծումը կասեցնելու բռնության աճը, փրկելու բազմաթիվ մարդկային կյանքեր և տարածաշրջանում ապահովելու կայուն և տևական խաղաղություն՝ դա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է: