ԵՊՀ Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Խոսք՝ Պրոֆեսոր ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հիշատակին

Կորոնավիրուսը ընդհատեց մի վառ անհատականության՝ ֆիզիկոս-գիտնականի, մեծ մտավորականի կյանքը. ողբերգականորեն իր մահկանացուն կնքեց գիտության և կրթության անխոնջ նվիրյալ, Երևանի պետական համալսարանի Վ. Համբարձումյանի անվան Աստղադիտարանի տնօրեն, Աստղաֆիզիկայի ամբիոնի նախկին վարիչ, ԵՊՀ նախկին պրոռեկտոր, ֆիզիկայի ֆակուլտետի բազմամյա դասախոս՝ Տեսական ֆիզիկայի, Ընդհանուր ֆիզիկայի և Աստղաֆիզիկայի ամբիոնների պրոֆեսոր, Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի առաջատար գիտաշխատող, ֆիզ-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Կարապետի Ավետիսյանը: Երկրային այս աշխարհից նա հեռացավ դեպի իրեն այնքան հարազատ՝ Տիեզերքի հավերժական աշխարհ, որի ճանաչմանը նվիրել էր իր ողջ գիտակցական կյանքը:

Էյնշտեյնը համարում էր, որ գիտության մեջ երևակայությունն ավելի զորեղ է, քան գիտելիքը: Ֆիզիկոսի համար ճանաչման պրոցեսը ընթանում է նաև զգացողությամբ՝ երևույթների զգայական ընկալման միջոցով: Այս երկու հատկությունները միաժամանակ ունենալու հավանականությունը երկու փոքր մեծությունների արտադրյալ է, որն ավելի փոքր մեծություն է: Պրոֆեսոր Արա Ավետիսյանը ֆիզիկոսների այդ տեսակից էր: Բնությունից օժտված լինելով ֆիզիկական երևույթների ընկալման ընդգծված զգացողությամբ ու մտքի պայծառ երևակայությամբ, շնորհիվ բազային կրթության բարձր մակարդակի ու լայն էրուդիցիայի, նա շուրջ կեսդարյա իր գիտական գործունեության տարբեր տասնամյակներում նույն հաջողությամբ ստեղծեց մնայուն, նաև սկզբնավորող արդյունքներ ֆիզիկայի տարբեր ուղղություններում՝ որպես տեսաբան ֆիզիկոս և աստղաֆիզիկոս: Այդ արդյունքները ամփոփված են պրոֆ. Ա. Ավետիսյանի 100-ից ավելի գիտական աշխատություններում՝ տպագրված արտասահմանյան առաջնակարգ գիտական ամսագրերում ու պարբերականներում: Լայն էր նրա գիտական հետաքրքրությունների և ուսումնասիրությունների տիրույթը. այն ընդգրկում էր պինդ մարմնի ֆիզիկայի քվանտային տեսությունից մինչև գերխիտ նյութի և նեյտրոնային աստղերի ֆիզիկա, վակուումի և նյութի/պլազմայի ոչ-գծային էլեկտրադինամիկա, բոզե-կոնդենսատի ֆիզիկա, ռենտգենյան և գամմա-լազերների ստեղծման, աստղաֆիզիկական օբյեկտներում գերբարձր էներգիաների ճառագայթման աղբյուրների բացահայտման, հակամասնիկների ու կոշտ գամմա-քվանտների ծնման և անիհիլյացիայի ուսումնասիրություններից մինչև ռելյատիվիստիկ աստղաֆիզիկա և կոսմոլոգիա: Սակայն Տիեզերքի առաջացման ֆիզիկան դոմինանտ էր Ա. Ավետիսյանի մոտ, ինչը աստղաֆիզիկայից նրան տարավ կոսմոլոգիա, որին և առավելապես նվիրեց իր վերջին տասնամյակը՝ համարձակորեն առաջ քաշելով Տիեզերքի առաջացման կոսմոլոգիական էապես նոր մոդել՝ հենված քվանտային աշխարհի մի հիմնարար սկզբունքի վրա: Թեպետ այն գիտական վարկած է, բայց՝ շատ ինքնատիպ ու ֆիզիկական: Ահա՛, գիտական երևակայության փայլուն օրինակ: Ավաղ, անավարտ մնացին Տիեզերքի մասին աշխատանքների շարքը, որից մեծ սպասելիքներ ուներ հոգին արդեն Տիեզերք ավետած հեղինակը՝ դրանց հետագա զարգացման և դիտողական փաստերի համադրման արդյունքում Տիեզերքի էվոլյուցիայի վերաբերյալ նոր կռահումների համար:

Պրոֆեսոր Արա Ավետիսյանը ուսումնական գործին բացառիկ նվիրված և խստապահանջ դասախոս էր: Կատարելապես տիրապետելով ֆիզիկայի ամենատարբեր բաժիններին, նա շուրջ կես դար իրեն անմնացորդ նվիրեց հայրենական կրթության զարգացմանը, հեղինակելով տեսական ֆիզիկայի ուսումնական դասագրքեր ու ձեռնարկներ, որոնցով համակարգված դասավանդեց համալսարանի Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում և ուսուցանեց բազմաթիվ սերունդների, որոնցից շատերը արդեն ճանաչված ֆիզիկոս-աստղաֆիզիկոս-ռադիոֆիզիկոսներ են և այսօր խորին հարգանքով ու երախտագիտությամբ են հիշում իրենց անաչառ ու սրտացավ դասախոսին:

Դու գնացիր արդեն հավիտենություն, մեր թանկագին գործընկեր, թողնելով մեզ հիշատակ քո գիտական վաստակն ու պայծառ կերպարը՝ որպես օրինակ ֆիզիկոսի վառ երևակայության ու ինքնատիպ մտածողության: Ննջի՛ր խաղաղությամբ քո պատկերացումների ու երազանքների Տիեզերքում:

ԵՊՀ Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոն»։