Սա պատվերով համերգ չի, սա իմ հոգու կոչն է եղել բոլորիդ, ես պատվերով համերգ տվող չեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց նահատակված կապիտան Մկրտիչ Օհանյանի մայրը՝ Անահիտ Օհանյանը։
«Ես այստեղ արդեն եղել եմ։ Բնավ մտադրություն չունեի նորից վերապրելու այն ինչը ես վերապրել եմ, բայց ԱԺ-ի երեկվա անբարոյականների նիստին առանց ամաչելու շահարկել են որդին կորցրած մոր անունը, որ իբր ինչ-որ մեկի թելադրանքով ես եկել եմ այստեղ, վիշտը սրտիս ու ելույթ եմ ունեցել ձեր առաջ։ Պատվերով համերգ եմ տվել, հասկանո՞ւմ եք։ Սա պատվերով համերգ չի, սա հոգու կոչն է եղել բոլորիդ, ես պատվերով համերգ տվող չեմ։ Եթե 17 չէ, այլ 67 կուսակցություն եւ անհատ մարդիկ էլ լինեին, եթե ես ցանկություն չունենայի, այստեղ չէի գա։ Ամեն մարդ յուրովի է իր վիշտն արտահայտում։ Իմ սիրելիս քույրեր, որոնք կորցրել են իրենց որդիներին, դու երեւի սփոփվում եք գերեզման գնալով, հողը գլխներիդ տալով, գլուխն էլ հողին տալով, ես չեմ կարող հանգիստ նստել, երբ դավաճանը հանգիստ իր աթոռին նստած է։ Ես էլի չէի գա, եթե երեկվա միջադեպը չլիներ։ Ոչ մեկ բարոյական իրավունք չունի շահարկելու որեւիցե մոր անուն։ Իմ վիշտն ինձ բավական է, ինչո՞ւ եք ինձ ստիպել, որ գամ այստեղ»,- ասաց որդեկորույս մայրը։
Անահիտ Օհանյանը պատմեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքի վայր լրտեսներ է ուղարկել. «Պարոն վարչապետ, դու ունե՞ս անձնագրային բաժին, ունե՞ս Առողջապահության նախարարություն, ուրեմն իմ տվյալները նրանցից վերցնեիր, ոչ թե լրտեսներ ուղարկեիր իմ հիմնարկություն, լրտեսն էլ նստեր պատի տակ ու տեսներ, թե ես ինչանցուդարձ եմ անում։ Բուժաշխատողը, որը Հիպոկրատին երդում է տվել, ի՞նչ պիտի աներ հիվանդանոցում։ Ձեզ երեւի թվում է՝ ես այնտեղ ուրիշ բանուգործ չունեմ, այդ դուք բանուգործ չունեք ձեր ԱԺ-ում նստած։ Երեւի ձեզ թվում էր՝ ես այնտեղ քաղաքական խաղեր եմ տալիս, դա ձեր մասնագիտությունն է։ Խնդրում եմ՝ նման էժանագին քայլեր մի արեք»։
Նա խոսեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին. «Ու Պաշտպանության նախարարը, ափսոս որ Դավիթ անունն է կրում, պարոն վարչապետ հենց հիմա մի հատ հանձնաժողով ես ուղարկում, որ ստուգեն հաշվապահական թղթերը, թե ուր են գնացել մեր սպաների հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների տան վարձը։ Անգամ տան վարձը չի փոխանցվել։ Ուզում եմ իմ հասցեով մարդիկ ուղարկեք, որ իմ տան դարպասը բացեն ու առաջ չգնան, կտեսնեն 15 թվի քոչվորի տուն, որովհետեւ ձե սպաները կյանքով չեն ապրել, արեւի տակ, անձրեւին, ձյան տակ սահման են պահել, քո ու քո ընտանիքի սահմանն են պահել։ Պարոն վարչապետ եթե քո փոխարեն յափնջին ուսին մի անգրագետ չոբան լիներ, ձեզանից լավ կկառավարեր այս երկիրը։ Որովհետեւ այդ չոբանը 5 հազար գլուխ գառ է տանում սարը, գելի հետ կռիվ է տալիս, իր գառներին փրկում է, իսկ դու քո գառներին տարար մատաղ արեցիր անաստված»։
Նա նաեւ բոլոր մայրերին կոչ արեց ոտքի կանգնել, գալ պատասխան պահանջել. «Այն հողերը որտեղ թուրքի ձեռքում են, որտեղ գտնվում են ձեր երեխաների մարմինները, այլեւս չեն գալու: Ոտքի կանգնեք ու պատասխան պահանջեք»: