Վերստին երկրում կարևոր իրադարձությունից՝ ՀՀ նախագահ Սերժ
Սարգսյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ
նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական տվյալների
երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի
երդմնակալություններից առաջ շրջանառվում է ամերիկահայ
միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի անունը:
Հայաստան կատարելիք այցի մասին շշուկներն արդեն
արձագանքներ են գտել մամուլում, ինչպես նաև քաղաքացիների և
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների շրջանում:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ ապրիլի 9-ին Երևանի
կենտրոնում՝ Ազատության հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանի
երդմնակալության արարողությանը կմասնակցեն գործիչներ ինչպես
Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, ուստի չի բացառվում, որ այդ օրերին Հայաստան այցելի ամերիկահայ
միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը, ով, ըստ այդ նույն աղբյուրի, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի
հետ բարեկամական կապեր ունի:
Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի անբաժանելի գործընկեր, «Լինսի» հիմնադրամի հայաստանյան
ծրագրերի նախկին պատասխանատու, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ
Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերթական անգամ իր վրդովմունքը հայտնեց նման
լուրերի առնչությամբ: Նա ցավով նշեց, որ առանց որևէ հիմքի՝ նման տեղեկություններ են տարածվում:
«Սրանք նույն հիմար խոսակցություններն են, ինչ այն, թե Ազատության հրապարակում Րաֆֆի
Հովհաննիսյանին է միանալու Քըրք Քըրքորյանը: Միայն Հայաստանում են նման ասեկոսեներ ծնվում, Լոս
Անջելեսի հայ համայնքում նման խոսակցություններ չկան: Իսկ սա հիմք չունեցող, անանուն ասեկոսե է, որի
համար իսկապես ցավում եմ: Յուրաքանչյուր մարդ պետք է լրջանա և ամեն ասեկոսե հիմք չընդունի»,- ասաց
Հարութ Սասունյանը՝ հավելելով, որ Քըրք Քըրքորյանը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, նա գործարար
է:
Ավելի վաղ, երբ նման տեղեկություններ էին տարածվել, «Առաջին լրատվական»-ի խնդրանքով Հարութ
Սասունյանը կապվել էր ամերիկահայ գործարարի գրասենյակ, որտեղ նրան պատասխանել էին. «Հիշյալ
տեղեկությունը հիմնավոր չէ, քանի որ նման այց չի նախատեսվում: Առաջիկայում Քըրք Քըրքորյանը
Հայաստան որևէ ճամփորդություն չի նախատեսում, ավելին՝ քաղաքականությամբ չի հետաքրքրվում»:
Ուստի այս ամենից մնում է եզրակացնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի անունը ժամանակ առ ժամանակ հիշատակում են նրա արշավին առավել մեծ
կարևորություն հաղորդելու համար:
Հիշեցնենք, որ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանն առաջին անգամ Հայաստան է եկել ՀՀ երկրորդ
նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում՝ 1998 թ․ ամռանը: Հենց այդ
ժամանակաշրջանից սկսած էլ ներգրավվել է մի շարք ծրագրերի իրականացման գործում՝ իր հիմնադրած
«Լինսի» հիմնադրամի միջոցով, իսկ Հարութ Սասունյանը այդ ծրագրերի պատասխանատուն է եղել երկար
ժամանակ:
2011թ․ հիմնադրամը դադարեցրեց իր գործունեությունը: Հրապարակումներ հայտնվեցին, թե բարերարը
նեղացել է, քանի որ Հայաստանում իրեն խաբել են, միջոցները կողոպտել, թեև ծրագրերի
պատասխանատուները լրատվամիջոցների հետ զրույցներում միշտ պնդում էին, որ «Լինսի» ծրագիրը
Հայաստանում իրականացված այդ մասշտաբի ամենակոռումպացված ծրագիրն էր: