«Հայք» (Հայկազուններ), Նժդեհյան Ցեղակրոն և «Քրիստոնեա – ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները կոչով են հանդես եկել․

«2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան «ցավոտ» հայտարարությունը (այսուհետ՝ Հայտարարություն)ճգնաժամային իրավիճակ ստեղծեց Հայաստանում:

Հարկ ենք համարում նշել, որ պարտվել է ոչ թե Հայոց բանակը, այլ Հայաստանի (հնարավոր է նաև Արցախի) քաղաքական ղեկավարությունը:

Խոնարհումով Հայ Զինվորին և որդեկորույս ծնողներին,

Գիտակցելով, որ անհանդուրժողականությունը՝ սև/սպիտակ խորացող բաժանումը ոչ միայն վերածվել ու խորանում է իբրև կործանարար սպառնալիք, այլև արգելափակելով բազմակարծության, ստեղծագործող կառուկցողական մրցակցային մտքի ճանապարհը, նպաստեց որ յուրաքանչյուրն անհատական և նեղ խմբակային, կուսակցական շահերով, հնարավոր է նաև ներքին համոզմամբ, ընդհատակյա գործողություններով առաջ տանի իր թեզերը, ջլատելով հավաքականության ուժը, ինչն հանգեցրեց այսօրվա վիճակին,
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀՀ ԱԺ-Ի «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Հանդես գալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, բացառելով վերջինիս ինքնահրաժարականը, ինչը նշանակում է՝ ստորագրված հայտարարության (բացառությամբ 1-ին կետի, որն արդեն իրողություն է) մերժում, պատասխանատվության շարունականության ստանձնում, համեմատաբար անցնցում «իշխանափոխություն» և հետևաբար՝
– նախկինների վերադարձի գայթակղության զսպում,
– բանակցող կողմի անհրաժեշտ փոփոխության ապահովում,
– երաշխիքների տրամադրում,
– ազգային միասնության ապահովում:
Առաջադրել վարչապետի թեկնածություն հաշվի առնելով՝ ազգային նվիրումը, լսելու կարողությունը, քաղաքական ճկունությունը, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները, ներդաշնակ և մեր ազգային խնդիրների լուծմանն ընդունակ ժամանակավոր կառավարություն ձևավորելու ունակությունը։
2. Անմիջապես բացառել իրավապահ մարմինների կողմից ակնհայտ քաղաքական երանգով գործողությունները՝ սահմանել մարոտուրիում,
3. Կազմավորել բոլոր քաղաքական կուսակցություններից խորհրդակցական մարմին, որի առաջարկությունները ձայների 5 (??? Սահմանել ներքին շեմ)% ստանալու դեպքում կներկայացվեն թե Ազգային ժողովի և թե կառավարության քննարկմանը:
4. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացում՝ 1 տարվա ընթացքում:
Կարծում ենք նշված քայլերը հնարավորություն կտան՝
1. Ապահովել իշխանության լիգիմիտիվությունը և պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը:
2. Ազատվել ստորագրված Հայտարարության պարտավորություններից, կամ առնվազն այն վերափոխել:
3. Բացառել անցանկալի միջոցներով և մեթոդներով իշխանափոխությունը, նկատի ունենալ նաև հնարավոր նոր իշխանությունների կողմից արդեն իրենց նախկինների թողած բացասական ժառանգության չարաշահումը:
4. Առավել առարկայական քննարկման մթնոլորտի ձևավորմամբ հասնել համայն Հայության ուժերի և հնարավորությունների միավորմանը, գործընթացներում յուրաքանչյուրի ներդրման արժևորմանը:
Վստահ ենք, որ Ազգային Ժողովը (հնարավոր է հաջորդ գումարման) կանդրադառնա խնդրին՝ կստեղծի քննիչ հանձնաժողով, որը կբացահայտի բոլոր մանրամասները և կտա գնահատական:
Համոզված ենք, որ մեզանից յուրաքանչյուրն վեր դասելով և առաջնորդվելով ազգային-պետական շահով, իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու ներքին բարդույթները, հանուն Հայաստանի Հանրապետության և Հայության հավաքական նպատակների իրագործման:
Ազգային-պետական հարցերում իշխանությունն ունի անձնավորում և Ազգը յուրաքանչյուրի մասնակցությամբ նվաճումներն ու պարտությունները հիշում է սերնդե սերունդ՝ մի դեպքում ժառանգներին վերաբերվում են ակնածանքով ու գորովանքով, մյուս դեպքում՝խարազանող նվաստացմամբ:
Վտանգի թերագնահատումը, նեղ անձնականով պարփակվելը, անտարբերությունը, հասարակության պառակտված առճակատումը կարող է աղետաբեր լինել ազգի և առանց խտրականության նրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար:

Հարգանքով՝

«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
Նժդեհյան Ցեղակրոն կուսակցություն
«Քրիստոնեա – ժողովրդական վերածնունդ» կուսակցություն

2020-11-16

Սույն թվկանի նոյեմբերի 16-ին կոչը ուղարկվել է ԱԺ-ի ,,Իմ քայլը,, խմբակցության բոլոր պատգամավորների էլեկտրոնային հասցեներին»: