Ներկայումս ընթանում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մոնիթորինգի համար թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի կառուցման աշխատանքները, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հիմա ընթանում է համատեղ կենտրոնի կառուցումը, [զինվորականները] առաջիկայում կսկսեն իրենց պարտականությունների կատարումը։ Այնտեղ ծառայություն են կրելու թուրք եւ ռուս սպաները, այդ թվում՝ գեներալներ։ Նրանք համագործակցելու են հրադադարի մշտական ռեժիմի պահպանման համար»,- Անատոլիական գործակալության փոխանցմամբ ասել է նա։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ Անկարան ու Մոսկվան տեխնիկական բանակցությունների արդյունքներով համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի համատեղ կենտրոնի ստեղծման մասին։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նշել էր, որ կենտրոնը «տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում», իսկ «համատեղ կենտրոնի կազմակերպական կառույցում ռուս եւ թուրք անձնակազմի թիվը լինելու է հավասար»։