2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակվել էր տեսաուղերձ, որտեղ ավտոմեքենայի սրահում գտնվող 4 անձանցից առջևի ձախ նստատեղին նստած անձը քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև արցախցիների նկատմամբ հնչեցնում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ դրանք զուգակցելով վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը :

«Այդ տեսաուղերձն արձանագրվել էր ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկմամբ, բացի այդ դրա վերաբերյալ ստացվել էին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մի շարք, այդ թվում նաև՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից դիմումներ:

Երևան քաղաքի դատախազության միջոցով դրանք անմիջապես ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Արդյուքնքում, նկատի առնելով, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք էին բերվել անձանց նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժնում դեկտեմբերի 2-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
Նախաքննության ընթացքում բռնության, բռնության գործադրումն արդարացնող և ատելության շեշտադրումներով կոչեր անող անձը նշվալ հանցավոր արաքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:

Դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին առհասարակ, և հատկապես վերջին շրջանում հանրապետությունում առկա հանրային լարվածության մթնոլորում, ձեռնպահ մնալ հանրային պառակտման տանելուն, բռնությունները որպես հասարարական հարաբերությունների վրա ազդելու միջոց կիրառելուն, ինչպես նաև ժողովրդին հատվածականացնելուն, վերջինիս մի մասին պիտակավորելուն, վիրավորելուն, նրանց նկատմամբ ատելություն սերմանելուն ուղղված անընդունելի և խիստ վտանգավոր վարքագծից:

Նման երևույթներն արժանանալու են խիստ իրավական գնահատականների»,- գրել է նա: