Հայաստանի հեղափոխական իշխանության ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում սիրո խոստովանություն անելու ՀՀ «հայրաքաղաք» համարվող Գյումրիին: Շատ է խոսվել այն մասին, որ հեղափոխությունից հետո այդ նույն հեղափոխությունը պետք է հասցնել մարզեր, զարգացնել Երևանից զատ նաև մյուս քաղաքները, ինչպես նաև նպաստել այդ քաղաքների առջև տարիներ շարունակ ծառացած խնդիրների լուծմանը: 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում ավագանու ընտրություններ էին, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանի հիմնած կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշում էր, որ հաղթանակի դեպքում Գյումրու 2300 անօթևան ընտանիքները բնակարաններ կստանան։ Փաշինյանը նաև իրեն պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթով էր պարբերաբար հիշում, որ իշխանությունները չեն ցանկանում մոտ 3000 անօթևան ընտանիքների խնդիրը լուծել։ 

Իշխանության գալուց հետո, սակայն, Փաշինյանի թիմը ստիպված եղավ ինքն իրեն հակասել։ Այսօր դեկտեմբերի 7-ն է և ավելի քան խորհրդանշական է, որ հենց այսօր փորձենք հասկանալ՝ ինչ արեցին վերջին 2.5 տարիների ընթացքում գործող իշխանությունները աղետի գոտի հասկացությունը վերացնելու համար: 


Ամիսներ առաջ կառավարությունը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ վարչապետի հանձնարարականով 2020 թվականին մնացած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է։ Նկատենք, որ Փաշինյանը նույնպես մոռացել է մյուս անօթևաններին, որոնց մասին նախկին իշխանություններին մշտապես հիշեցնում էր։ Եվ ստացվում է, որ Փաշինյանի կառավարությունն ավելի քան 2000 ընտանիքների խնդիրը անտեսում է` հայտարարելով, որ անօթևան մնացած քաղաքացիներից մի մասի մասի հանդեպ պետությունը պարտավորություն ունի, մյուսների համար չունի: 

Բացի այդ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, որ նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք: Այսինքն՝ ըստ նրանց` 20-30 տարվա ընթացքում ընդամենը 1000 ընտանիք է բնակարան ստացել: Ստացվում է, որ մինչև հեղափոխությունը նախկին «կոռումպացված» իշխանությունները Գյումրիում կառուցել են կամ բնակարանների գնման վկայական են տվել միայն 1000 ընտանիքի: Իսկ հեղափոխական իշխանությունները երկու տարում միանգամից 453 ընտանիքի խնդիր է լուծում: Թիվ, որը բազմաթիվ փորձագետների և նույն գյումրեցիների կողմից կասկածի տակ առնվեց: 


Ընդ որում, ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին հետաքրքիր թեզ էր առաջ տանում, որ աղետի գոտում խնդիրը չի լուծվում քանի որ նախկինները գրպանում են այդ խնդրի լուծմանն ուղղված գումարները: Այս ընթացքում չեղավ գեթ մեկ դեպք, երբ այդ թեզի իսկությունը կապացուցվեր փաստերով՝ իրավապահ համակարգի կողմից: Դա էլ դեռ բավական չէ՝ գործող իշխանությունները ավելի մեծ գումարներ են սկսել ծախսել՝ նվազեցնելով շահառուների թիվը, ո՞րն է տրամաբանությունը: Գուցե հենց այն թեզն է տրամաբանությունը, որը ժամանակին առաջ էր տանում ընդդիմադիր Փաշինյանը՞...

Ցավալի է, որ հեղափոխությունը Գյումրիից սկսած քաղաքական ուժը հեղափոխության հաղթանակից երկուս ու կես տարի անց էլ ձեռնամուխ չեղավ իրենց իշխանության բերելու հարցում այդքան մեծ ավանդ ունեցած քաղաքի թիվ մեկ խնդիրը լուծելուն: Փաստորեն, ՔՊ-ում մոռանում են ոչ միայն հեղափոխության, այլ նաև դրանից առաջ տրված նախընտրական խոստումները: