Վերջին օրերին տպավորություն է ստեղծվում, որ իմքայլական պաշտոնյաները կտրվել են իրականությունից և չեն ցանկանում առերեսվել իրականության հետ, իրականություն, որն իրենց համար գուցե և տհաճ ու անցանկալի է, սակայն փաստ է: Խոսքը վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի և այդ պահանջը ներկայացնող հասարակության մի ստվար հատվածին՝ ժողովուրդ չհամարելու և վարչապետին աջակցության կեղծ իմիտացիա ստեղծելու ցանկության մասին է:
Դիցուք՝ այսօր Լոռու նորանշնակ մարզպետ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ վարչապետի հրաժարականը պահանջում են ընդամենը 500 քաղաքացի: Սա այն դեպքում, երբ միայն իր մարզից տասնյակ համայնքներ են հանդես եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով:
«Իմ քայլից» պատգամավոր Մարիա Կարապետյանը նույնպես վստահ է, որ Փաշինյանը հրաժարական չի տալու, քանի որ հանրության վստահության աստիճանը մեծ է: Հաշվի առնելով տիկին Կարապետյանի սերը Նովրուզի հանդեմ' այս դեպքում պետք է հստակ ճշտել, թե որ երկրի հասարակության վստահության մասին է խոսքը:
Իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը խելացի դեմքով հայտարարում է. «Պուտինն էլ է այդ փասթաթուղթը ստորագրել, Պուտինի հրաժարականն էլ պահանջենք՞»: Պարոն Իգիթյանին, թերևս, կարիք կա բացատրելու, որ Պուտինի հրաժարականը հայ ժողովուրդը չի պահանջելու այն պատճառով, որ այդ Պուտինը չէր երկու տարի բանակցությունները սեփական կետից մտցնում փակուղի:
Պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարում է, որ եթե մենք կարողանանք մեր ապրանքները վաճառել Ադրբեջանում' դրա մեջ ոչ մի վատ բան չկա, հրաժարականի պահանջ էլ չկա հանրային, քանի որ հասարակության մեծ մասը գիտակցում է' ինչ է արվել և ինչի համար:
Արփի Դավոյան անունով պատգամավորը, ով վերջերս անչափ սրտնեղել էր ԱԺ կոտրած բռնակների պատճառով, հպարտորեն հայտարարում է, որ ոչ մեկ հող չի հանձնել: Վերջերս համացանցում հայտնված Լուկաշենկո-Սարգսյան զրույցը, կարծես, հաստատում է, որ առնվազն այս հարցում տիկին պատգամավորը անկեղծ է: Չեն հանձնել, այլ գնացել են առ ու ծախի:
Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ գտնում է, որ շատ սխալներ են արել, բայց դրանք այն աստիճանի չէին և այնպիսի ոլորտներում չէին, որ կառավարությունը հրաժարական տա:
Լենա Նազարյանը նույնպես շարունակում է փայլել իր մտքի գոհարներով: Վերջինիս՝ «Եռակողմ հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ այն կետում, որում հնարավոր է եղել» արտահայտությունը դեռ երկար կուսումնասիրվի լեզվաբանների կողմից, դեռևս երկար փորձեր կկատարվեն վերծանելու այս շեդեվրալ միտքը, որի իմաստը հասկացել է, թերևս, միայն տիկին Նազարյանը:
Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գտնում է, որ իշխանությունը ունի լեգիտիմության բարձր աստիճան:
Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ականները պարզապես կրկնում են 2018 թվականի՝ ՀՀԿ-ականների դասական սխալները, ովքեր հեղափոխության առաջին օրերին հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի որևէ հիմք չկա, որ ժողովրդի մեծ մասը շարունակում է վստահել ընտրված քաղաքական ուժին: Ինքը' Սերժ Սարգսյանն էլ հայտարարում էր, որ ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու: Ինչպես ասում են՝ գտեք 10 տարբերություն…