Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով՝ ապրիլի 5-ին 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Այս մասին հայտնում է Ոստիկանության կայքը։
Նշվում է նաև, որ այսօր նախաքննական մարմնի միջնորդությամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Արայիկ Պետրոսյանը սպանությունից երկու օր անց ոստիկանության կողմից ձերբակալվել էր իր ավագ եղբոր՝ Արտակ Պետրոսյանի հետ։