Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում մասնակցեց արցախյան պատերազմում նահատակված ջանֆիդացի 5 զոհերի մեծարման ցերեկույթին։
Միջոցառումից հետո Արայիկ Հարությունյանին մոտեցան անհետ կորած զինվորների հարազատները, որոնք տվյալներ փոխանցեցին Արցախի նախագահին, պատմելով, թե որտեղ են եղել իրենց զինվորներն ու ինչ պայմաններում են անհետացել։
Նրանք խնդրեցին, որ նախագահը անձամբ միջամտի, որպեսզի գտնեն իրենց զինվորներին։
«Պարոն Հարությունյան, ես որպես մայր, պատրաստ եմ ամեն ինչի, անկախ նրանից՝ որդիս ողջ կլինի, թե չէ, միայն թե, թող չխաբեն մեզ, թող մեզ տան մեր երեխուն»,- դիմելով Արցախի նախագահին` արտասվելով ասաց անհետ կորածի մայրը։
Արայիկ Հարությունյանը սփոփելով մորը, խոստացավ առաջիկա երկու օրերին գնալ այնտեղ, որտեղ վերջին անգամ եղել է նրա որդին։