Անվանդ հավատարիմ մնացիր, Դավթի պես քաջ-քաջ կռվեցիր... 18-ամյա Դավիթ Համլետի Հովհաննիսյանը բանակ էր զորակոչվել ամռանը: Ծառայում էր Հադրութում: Պատերազմի օրերին եղել է մարտի թեժ կետերից մեկում, որտեղ իրենց գումարտակն ընկել է շրջափակման մեջ. «Դավիթի հարազատ եղբայրը՝ Արտյոմ Հովհաննիսյանը, նույնպես ժամկետային զինծառայող է ու պատերազմին միասին Հադրութում էին: Արտյոմը և զինակից ընկերները 10 հոգուց կազմված ջոկատով գնացել և փրկել են Դավիթին ու ընկերներին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Դավիթի հորեղբոր աղջիկը՝ Մերի Միքայելյանը:

Այդ դեպքի հաջորդ օրն ընդամենը երեք ամսվա երեսուն զինծառայողի տեղափոխել են Շուշի, ու հենց այնտեղ էլ զոհվել են Դավիթն ու զինակից ընկերները:

Մերին պատմում է, որ Շուշիում՝ մինչև զոհվելը, Դավիթը փրկել է իր զինակից ընկերներից մի քանիսին. «Իր զրահաբաճկոնը այնքան ծանր է եղել, որ խանգարել է իրեն՝ ընկերջը գրկելու և կրակի միջից դուրս հանելու համար, զրահաբաճկոնը գցել է մի կողմ, ու փրկել վիրավոր ընկերոջը»:

Կենսուրախ Դավիթը չէր սիրում մարդկանց տխուր տեսնել, հենց տեսնում էր մեկը տրամադրություն չունի, փորձում էր բարձրացնել: Համառ էր ու ինքնասածի, անչափ հետաքրքրասեր ու նպատակասլաց: Նպատակների ու երազանքների մասին խոսել չէր սիրում, բայց մի բան հաստատ էր՝ երազում էր երգել մեծ բեմերից:

Դավիթի փոքր եղբայրը երեք տարեկան է, ու քանի որ մինչ նրա ծնվելը Դավիթն էր փոքրը, ծնողները ամենաշատն իր հետ են կապված եղել, ամեն ինչ իր ցանկացածով արել: Իսկ մինչև բանակ զորակոչվելն` ինքն է պահել փոքր եղբորը:

Դավիթի մեծ եղբայրը՝ Արտյոմը, հիմա ծառայության մեջ է: Մոտավորապես 5 ամիս առաջ Դավիթն ու Արտյոմը միասին՝ ծառայության ընթացքում, երգ են գրել՝ նվիրված ծնողներին. «Արտյոմը որոշել էր, որ պետք է վերադառնան ու ձայնագրեն երգը, Դավիթն էլ, քանի որ դհոլ էր նվագում, պետք է գործիքավորումն աներ: Քանի որ Դավիթը հետ չեկավ, Արտյոմը որոշեց հենց Դավիթի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին, երգը ձայնագրի ու նվիրի եղբորը, սակայն երգի վերջին տունը փոփոխվել է: Երգը վերնագրված է՝ «Եղբայրս չեկավ տուն»»,- ասում է Մերին:

Արտյոմը հիմա էլ ծառայության մեջ է, զորացրվելու է հունվարին, երազում է հովանավորներ գտնել, որոնք կօգնեն անկատար չթողնել եղբոր երազանքը. Դավիթը նրան խնդրել էր, որ ծառայությունից հետո շարունակի երգել ու իրենց միասին ունեցած երազանքները իրականություն դարձնել:

Դավիթի ընկերներից Լանա Համբարձումյանը ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին, բանաստեղծություն է նվիրել հավերժացած ընկերոջը. նա կդառնար 19 տարեկան.

Սիրտդ  պարզ, կյանքդ  մաքուր, 
Հայացքդ  վսեմ, արարքդ արի, 
Դու հայրենիքի զինվոր  քաջարի, 
Արյամբ պահեցիր հողը հայրենի: 
Անմնացորդ նվիրումովդ դասվեցիր
Անթառամ ծաղիկների բազում շարքերին:
Մեզնից գնալով՝ թողեցիր լոկ ցավ ու վիշտ, 
Քեզնից հուշ մնաց շիրիմդ սրբագին, 
Իմ ընկեր թանկագին, 
Սխրանքդ հավերժ դաջված է մեր սրտում:

Ընկար ծանր ու վճռական մարտում,

Երկինք բարձրացար հաղթանակը գրկումդ:
Անվանդ հավատարիմ մնացիր, 
Դավթի պես քաջ-քաջ կռվեցիր,
Գնացիր... 
Հեռացար... 
Անմահացար... 
Կյանքերի համար կյանքդ զոհեցիր, 
Ապրողների սրտում անմար մնացիր:
Իմ հերոս Դավիթ, գիտցի՛ր, 
Անունդ բարձր կպահեմ, 
Հիշատակդ՝ միշտ վառ, 
Քեզ կփնտրեմ ամեն մի մանկան սրտում,
Քո  արծիվ հոգին կգտնեմ Արցախի լեռներում, 
Քեզ շարունակողը` այդ ես եմ ընկերս... 

Արփինե Հակոբյան