Առաջին անհրաժեշտության մթերքի՝ ձեթի, կարագի և շաքարավազի շուկայում գնաճ է արձանագրվել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) հայտնում են՝ Հայաստանում խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել կիլոգրամով շաքարավազի գնի բարձրացում՝ 6-7 տոկոսով: Ըստ ՏՄՊՊՀ-ի սակայն ամեն ինչ օբյեկտիվ է՝ ինչպես միշտ պատճառը ներմուծման գների բարձրացումն է:

 

 

Ինչ խոսք՝ դրամի արժեզրկումը նույնպես կարող է ապրանքների գնի բարձրացման պատճառ դառնալ, սակայն չենք կարող բացառել, որ առևտրային ցանցերի սեփականատերերը, հնարավոր է, օգտվում են իրավիճակից և իրենց պահեստներում եղած ապրանքն են հանում վաճառքի: Հետևաբար պետք է հանրությանն առավելագույն տեղեկություններ տալ, թե թանկացած կարագի, ձեթի և շաքարավազի ներկրումը որքան է արժեցել ներկրողի վրա: ՀՀ-ում շաքարավազի ներկրման գերիշխող դիրք ունեցող գործարար՝ Սամվել Ալեքսանյանի սուրպերամարկետում՝ Yerevan City-ում, շաքարավազը թանկացել է բավական կտրուկ։ Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 27-ին, շաքարավազի 1 կգ արժեքը 280 դրամ էր։ Երեկ 360 դրամ էր։ Իսկ այսօր՝ 365 դրամ։ Հատկապես այս օրերին, երբ երկիրը պատերազմական դրության մեջ է, անհասկանալի է մեկ օրում շաքարավազի 80 դրամ թանկացումը։ 

 

Իսկ գուցե նաև հասկանալի է՝ հաշվի առնելով ինչ շաքարային հարաբերությունների մեջ է այս ապրանքը ներմուծող Սամվել Ալեքսանյանը գործող իշխանությունների հետ: Լրագրողների տեսախցիկները բազմիցս ֆիքսել են` ինչպես է գործարարը այցելում նաև ՏՄՊՊՀ գրասենյակ և քանի որ հայտնի չէ՝ ինչ առիթով են տեղի ունեցել այդ այցերը, կարելի է միայն կռահել, որ հաշվի առնելով գնաճի հանդեպ ՏՄՊՊՀ կրավորական կեցվածքից՝ այցելությունները Ալեքսանյանի համար արդյունավետ են անցել: