2000 թվականին ծնված Արմենակ Գասպարյանը զոհվեց Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններում:

«Եղբայրս բնավորությամբ շատ հանգիստ էր, ընկերասեր, կյանքով լեցուն էր, սիրում էր ժպտալ ու ժպիտ պարգևել շրջապատի մարդկանց»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արմենակի քույրը՝ Անուշ Գասպարյանը:

Արմենակը 3 տարի սովորել է երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի բաժնում: 2019 թվականի հուլիսի 1-ին մեկնել է ծառայության՝ հայրենիքի առաջ իր պարտքը կատարելու: Նա ծառայության անցավ Դիլիջանի զորամասում:

Արմենակը սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում՝ ռազմի դաշտում. «Սեպտեմբերի 27-ից լուր չունեինք Արմենակից, չէինք կարողանում իր հետ կապվել, անգամ, չգիտեինք, թե որտեղ է: Մի քանի օր անց վերջապես կարողացավ կապ հաստատել մեր հետ, բայց շարունակում էր թաքցնել իր գտնվելու վայրը»,- պատմում է Անուշը:

Մարտի դաշտում Արմենակի տրամադրությունը մարտական էր, դժվար պահերին նա տղաներին ոգեշնչում էր երգելով: Պատերազմի դաշտում եղել է թե՛ վարորդ և թե՛ հրետանու օգնական. «Գրեթե ամեն օր զանգում էր ինձ, խոսում էինք, ոգևորված պատմում էր իր կատարած հերոսությունների մասին, շատ կապված էինք իրար հետ: Ամեն անգամ ասում էր՝ հանգիստ էղի քուրս, հաղթելու ենք, մինչև Բաքու ենք գնալու»,- մեծ ցավով նշում է Արմենակի քույրը:

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 17-ը Արմենակը պայքարել է հայրենիքի պաշտպանության համար: Վիրավորվել է Մարտակերտում, սակայն բուժկետից վերադարձել ռազմի դաշտ՝ ընկերների կողքին պայքարը շարունակելու:

Արմենակը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 16-ին՝ փոքր-ինչ անհանգիստ ձայնով. «Վերջին անգամ շնչակտուր խոսեց մեզ հետ, ասաց՝ ամեն ինչ շատ լավ է, հանկարծ չմտածեք, լավ ա լինելու: Հոկտեմբերի 17-ին սպասում էինք նրա հերթական զանգին, բայց ավա՜ղ, էլ չզանգահարեց մեզ»,- խորը վշտով ասաց հերոսի քույրը:

Հերոսի սրտի աշխատանքը կանգ է առնում հոկտեմբերի 17-ին՝ 07:00-ին՝ թշնամու անօդաչու թռչող սարքի մահացու հարվածից:

Արմենակը ուներ մեկ նվիրական երազանք, որը այդպես էլ մնաց անկատար. «Եղբայրս երազում էր բանակից վերադառնալուն պես փոքր եղբորը երաժշտական դպրոց ընդունել և մեծ բեմերում նրան տեսնել, ցավում եմ, որ այդ երազանքը այդպես էլ մնաց լոկ երազանք»,- եզրափակեց նշեց Անուշը: