Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տուժողի կարգավիճակ ունի։Նշենք, որ դեկտեմբերի 28–ին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ցուցարարներից մեկի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև: Ծեծկռտուքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին պատգամավորի մեքենայի ճանապարհը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան: 

ՀՔԾ նմանատիպ որոշումը թերևս որևէ մեկի համար զարմանալի չէ: Նոր Հայաստանի իշխանական պատգամավորները առաջին անգամ չէ, որ հաջողացնում են ջրից չոր դուրս գալ: Փաստացի՝ Գաբրիելյանի արարքը չդարձավ անգամ էթիկայի հանձնաժողովի քննարման առարկա: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ աղմուկ կբարձրացներ Նիկոլ Փաշինյանը, եթե այս և մյուս միջադեպերը տեղի ունենային իր՝ ընդդիմադիր պատգամավոր եղած շրջանում, իսկ կենտրոնում էլ լինեին իշխանական պատգամավորները: Ըստ էության, ՀՔԾ-ն փաստում է, որ Նոր Հայաստանում պատգամավորը կարող է ազատորեն ծեծի ենթարկել իր սահմանադրական իրավունքը իրացնող քաղաքացուն և մի բան էլ՝ ճանաչվել տուժող: 

Իմ Քայլը քննության առարկա չդարձրեց ոչ միայն այս դեպքը: Բոլորի հիշողության մեջ թարմ է , թե ինչպես էր իմքայլական Կարեն Սարուխանյանը վիրավորական գրառումներ անում արդեն նախկին թիմակից Սոֆյա Հովսեփյանի հասցեին, իսկ ԱԺ փոխնախագահը վիրավորում էր լրագրողներին: Բացի այդ՝ զանգվածային ծեծկռտուքի գործն էլ հաջողությամբ ջրվեց և այն հրահրած և դրանում ակտիվորեն մասնակցած իմքայլական պատգամավորները անգամ ամոթանքի չարժանացան:

Թերևս, սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Նոր Հայաստանում պաշտոնյաների արտոնյալ լինել-չլինելու մասին...