Ինտերպոլը ձերբակալման օրդեր է տվել ՌԴ քաղաքացիներ Իգոր Գրեչուշկինին և Բորիս Պրոկոշևին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ձերբակալելու համար, հաղորդում է լիբանանյան NNA գործակալությունը: Գրեչուշկինին էր պատկանում բեռնատար Rhosus նավը, որն ամոնիումի նիտրատը Բաթումիից տեղափոխում էր Մոզամբիկ: 2013 թվականին նավը տեխնիկական խնդիրների պատճառով չնախատեսված կանգառ էր կատարել Լիբանանում, սակայն ստուգումից հետո նավահանգստի ղեկավարությունը արգելել էր նրան վերադառնալ ծով: Արդյունքում՝ Գրեչուշկինը սնանկացավ և լքեց անձնակազմը։ Ռուս և ուկրաինացի նավաստիները ստիպված էին մոտ մեկ տարի մնալ Բեյրութում։ Rhosus֊ի ավագը Պրոկոշևն էր: Անցյալ տարվա օգոստոսին, մաքսային ծառայությունների կողմից 2014-ին նավից առգրավված և հետագայում պահեստում պահված 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթեցման պատճառով Բեյրութի նավահանգստում 190 մարդ զոհվեց, ավելի քան  6000-ը վիրավորվեցին: Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվեց աղետի գոտի։ Մինչև սեպտեմբերի 19-ը քաղաքում գործում էր արտակարգ դրություն: Դրանից հետո Բեյրութով անցավ հակակառավարական ցույցերի ալիք, որի արդյունքում՝ վարչապետ Հասան Դիյաբը հայտարարեց իր կառավարության հրաժարականի մասին: Լիբանանի դատարանը Գրեչուշկինի և Պրոկոշևի նկատմամբ ձերբակալման միջազգային օրդեր էր պահանջել անցյալ տարվա հոկտեմբերին: