Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ամենպատեհ և անպատեհ առիթներով սիրում էր հիշատակել իր կառավարության ակտիվ ջանքերի շնորհիվ բացված 50 հազար նոր աշխատատեղերի մասին: Փորձագետները, տնտեսագետները շատ արագ կոտրեցին այդ տնտեսական բումի միֆը` ապացուցելով, որ Փաշինյանը մանիպուլացնում է այդ թիվը և իրականում 50 հազարի կեսից ավելին ընդամենը ստվերից դուրս եկած բիզնեսներն էին:

Օրեր առաջ ՊԵԿ-ը հաստատեց, որ 2020 թվականի ընթացքում Հայաստանում փակվել է 22 հազար աշխատատեղ՝ 50 տոկոսով ավել քան 2019 թվականին: Դրան զուգահեռ աշխատաշուկայում 2020 թվականի 10 ամիսների կտրվածքով աշխատանք փնտրողների թիվն աճել է 3000-ով՝ հասնելով 88356 մարդու, որոնցից գործազուրկի կարգավիճակ է ունեցել 60668-ը: Վիճակն այնքան էլ բարվոք չէ քաղաքացիների տնօրինվող եկամուտների առումով, քանի որ կորոնովիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները նվազեցրել են քաղաքացիների եկամուտները և այս առումով 2020 թվականի առաջին 10 ամիսների կտրվածքով միջին անվանական աշխատավարձը 191 հազար դրամից դարձել է 181 հազար, այսինքն կրճատվել է մոտ 5 տոկոսով: 

2020 թվականի ապրիլին, երբ մեր երկրում կորոնավիրուսի հետեւանքով հանրային կյանքի տարբեր ոլորտներ ամբողջությամբ արգելափակված էին, ավելի քան 74000 գրանցված աշխատողներ կամ աշխատողների մոտ 12 տոկոսը կորցրել են իրենց աշխատանքը:

Այսինքն, ստացվում է, որ եթե անգամ միֆոլոգիական 50 հազար նոր աշխատատեղերի կեսը առնվազն իրոք բացվել էին՝ այսօր դրանք փակվել են: Իսկ ստեղծված իրավիճակում միակ մեղավորը ՀՀ կառավարությունն է իր ապաշնորհ տնտեսական քաղաքականությամբ, կորոնավիրուսի համավարակի օրերին բիզնեսին ցույց տված գրեթե զրոյական աջակցությամբ, ոչ թիրախային ծրագրերով, բիզնեսի ներկայացուցիչներին ասֆալտին փռելով ու պատերին ծեփելով, կոռուպցիան չվերացնելով: Փաստորեն, կարող են ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում ավելի շատ բիզնես  է փակվել, քան բացվել է և ավելի շատ բիզնես է բռնել սնանկացման ցավոտ ճանապարհը, մինչդեռ հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստանում սպասվում էին տրամագծորեն հակառակ պրոցեսներ...