ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետին հարցրեց․ «Արդյոք չեք կարծո՞ւմ, որ բարոյական ու քաղաքական պատասխանատվությունը ենթադրում էր, որ նոյեմբերի 10-ին այդ կապիտուլյացիոն ցեղասպանությունից, ամենախայտառակ հայասպան փասատաթուղթն ստորագրելուց հետո դուք և ձեր իշխանությունը պետք է հրաժարական տար։ Ես խոսում եմ բացառապես բարոյական պատասխանատվության մասին»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն մենք չենք ունեցել։ «Դա միֆ է, միֆ է նաև այն, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել»,- ասաց Փաշինյանը։
«Արդյոք գտնո՞ւմ էինք, որ պետք է հրաժարական տայինք։ Եթե գտնեինք այդպես, հրաժարական կտայինք։ Եվ դա կլիներ գուցե թե շատ հեշտ լուծում, գուցե կլիներ նաև անպատասխանատու լուծում։ Մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը և կկրենք բոլոր հնարավոր պատասխանատվությունները, որոնք պետք է օբյեկտիվորեն կրենք։ Եվ կկրենք այդ պատասխանատվությունը մեր ժողովրդի առաջ, սրանից որևէ մեկը չի խուսափի։ Նաև պատասխանատվության մաս է ժողովրդին պատկանող իշխանությունը պաշտպանել, պահպանել այնպես, որ որևէ մեկը ժողովրդի իշխանությունը չխլի այնպես, ինչպես շատ երկար ժամանակ ՀՀ-ում խլված է եղել։ Եվ նաև այդ պրոցեսի հետևանքով է, որ մենք այսօր հանգել ենք այսպիսի իրավիճակի»,- ասաց Փաշինյանը։
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՌԴ նախագահն ասել էր, թե ավելի վաղ առաջարկ էր եղել ավելի բարենպաստ պայմաններով կանգնեցնել պատերազմը։
«Ես իմ հարցազրույցներում բոլոր մանրամասներին անդրադարձել եմ։ Եվ ես ուզում եմ ասել հետևյալը՝ ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,- ասաց Փաշինյանը։