Կտորից դիմակներն անհրաժեշտ է պարբերաբար լվանալ: Ցանկալի է հետը ունենալ այդպիսի մի քանի դիմակ՝ փոխելով յուրաքանչյուր 4 ժամը մեկ, պնդում է վարակաբան Գալինա Գոլցմանը (Իսրայել):

«Օրվա վերջին անհրաժեշտ է դիմակները լվանալ, չորացնել եւ արդուկել: Սա այն դիմակը չէ, որը կարելի է դնել պահարանիկի վրա եւ հաջորդ առավոտյան կրել, քանի որ գործվածքի թելերի միջեւ կարող են բակտերիաներ մնալ: Այն պահին, երբ դուք դիմակը նետել եք պահարանիկի վրա, այնտեղ եք նետել մի կույտ բակտերիաներ: Եկաք, հանեցիք՝ լվացեք»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ դիմակները կարելի է արդուկել եւ/կամ լվանալ տաք ջրում, որ ջերմամշակման ենթարկվեն: Եթե դիմակը լվանում եք լվացքի մեքենայի մեջ, ապա կարող եք դնել 80 աստիճան ջերմաստիճանի ռեժիմ, եւ դա նույնպես կօգնի ազատվել վտանգավոր միկրոօրգանիզմներից ու վիրուսներից: Իսկ եթե դիմակը ձեռքով եք լվանում, հազիվ թե դա կարողանաք անել բավականաչափ տաք ջրում, ուստի այդպես լվանալուց հետո խորհուրդ է տրվում դիմակն արդուկել:

Մասնագետի խոսքով՝ ավելի լավ է օգտագործել սովորական դիմակներ՝ հրաժարվելով դեկորատիվ տարրերով «նորաձեւ» դիմակներից: Ընդհանուր առմամբ, կտորից դիմակների պաշտպանական հատկությունները կախված են շերտերի քանակից: Բազմակի օգտագործման դիմակը պետք է լինի երկ- կամ եռաշերտ: Ներքին շերտը մաշկը չպետք է գրգռի, իսկ արտաքինը չպետք է բաց թողնի ախտածիններին:

news.am