Սիրելի՝ հեռուստադիտողներ, 2021 թվականի հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում՝ գործունեության լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով:
«ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել: Նույնիսկ սարքավորումները և տեխնիկական միջոցները չեն վաճառվելու և նվեր չեն տրվելու: 2003 թվականից սկսած՝ «ԱՐ» հեռուստաընկերությունը, նոր սեփականատերերի ներդրած զգալի ֆինանսների, ջանքերի և ժամանակի շնորհիվ ստեղծել է յուրահատուկ ձեռագիր ունեցող հեռուստաալիք՝ ավելի քան հիսուն հաղորդաշարով: «ԱՐ» հեռուստաընկերությունը ստանալով նոր կյանք որդեգրեց ազգային, մշակութային և կրթական ուղղվածություն:
Մասնավորապես եթեր հեռարձակվեցին հեռուստադիտողի կողմից սիրված այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Արարման խորհուրդը», «Վարպետների քաղաքը», «Մեր մեծերը», «Պարզ ճշմարտություններ», «Մենք ենք մեր սարերը», «Ոչ միայն հացիվ», «Վերադարձ», «Մեր երեխաները» և էլի մի շարք ուսուցողական, ժամանցային, երաժշտական հաղորդումներ: Բոլորը չնշելով՝ ասեմ միայն, որ սեփական արտադրության հաղորդումները կազմում էին հեռուստաալիքի ամենօրյա եթերաժամի մոտ 65%-ը: «ԱՐ»-ն իր գործունեության ընթացքում, սրտացավ և պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի շնորհիվ, միշտ պաշտպանել է ժողովրդի շահերը՝ հավատարիմ մնալով նրա հոգևոր և բարոյական արժեքներին:
«ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծառայությունը միշտ մատուցել է օպերատիվ և անաչառ լրատվություն՝ պահպանելով պետականամետ դիրքորոշումը և ծառայելով մեր ազգային շահերին: «ԱՐ» հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռել իր հեռուստադիտողին վայելելու նաև բացառիկ ֆիլմեր: «ԱՐ» հեռուստաընկերությունն իր հաղորդումներով հեռուստադիտողին ներշնչել է ազգային արժանապատվություն, հպարտություն սեփական պատմության հանդեպ և օգնել է ժողովրդին ճանաչել ինքն իրեն ու սիրել սեփական հայրենիքը:
Շնորհակալություն այսքան տարի մեր աշխատանքը գնահատելու և մեզ հետ լինելու համար:
Հարգանքով՝ «ԱՐ» hեռուստաընկերության տնօրեն՝ Արամ Ղազարյան: