Իշխանությունները հենց լսեցին՝ ուզում եմ քաղաքականություն վերադառնալ, փորձում են ինչ-որ քաղաքական հետապնդումներ իրականացնել իմ նկատմամբ և եթե ստացվի՝ տանել ձերբակալության, կալանավորման։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ միակ նպատակը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնականոն գործունեութունը խաթարելն է․ «Միգուցե Փաշինյանը ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի իր գործընկերոջ՝ մեր ոչ բարով հարևանի հետ։ Ինչպես հանձնեցին մեր հողերը՝ Արցախն ու հարակից տարածքները, նույն հաջողությամբ ուզում են հանձնել Սյունիքը։ Իմ նկատմամբ հետապնդումները միանշանակ պայմանավորված են այս հանգամանքով, ինչպես նաև իմ գործունեությամբ, ինչը խափանելու է իրենց մտադրոթյուններն ու պլանները»,- ասաց նա։
Հակոբյանը նշեց՝ իրավապահների գործողություններում քաղաքական երանգներ կան․ «3 տարի է մանրադիտակով ուսումնասիրում են իմ և կոմբինատի գործունեությունը, բայց ոչինչ չեն գտնում, հիմա ի՞նչ պետք է անեն։ Բնական է՝ այդ գործերը շինծու են և պետք է կարվեն, սակայն կասկածում եմ, որ դա իրենց կհաջողվի։ Այս պահին որևէ գործողություն իրավապահների կողմից չի կատարվում, բայց համոզված եմ՝ առաջիկա օրերին ինչ-որ բաներ կփորձեն իրականացնել, եթե իհարկե հետ չկանգնեն, որովհետև դա կլինի իրենց կործանման վերջը»,- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամը։
Հարցին՝ Ձեզ ազատությունից զրկելու սպառնալիքներ եղե՞լ են, Հակոբյանն ասաց․ «Ես ունեմ այդպիսի տեղեկատվություն։ Չկա գործ, որում կարող են ինձ մեղադրել, սա այն շարքից է՝ «ինչու գլխիդ գլխարկ չկա», այլ բան չեմ կարող մտածել»,- ասաց Վահե Հակոբյանը։
Ավելի վաղ, Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանն ահազանգել են, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդումները շարունակվում են․ «Առկա է տեղեկատվություն առ այն, որ իրավապահներն անհրաժեշտ հրահանգներ են ստացել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում և զրկել նրան ազատությունից։ Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել ոչ միայն թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ նաև նման ձևով կասեցնել Վ. Հակոբյանի քաղաքականության մեջ լինելը։ Իրավապահները լավ են հասկանում, որ Վահե Հակոբյանի կամ ԶՊՄԿ-ի գործունեության մեջ անհնար է անօրինական բան գտնել, բայց գործընթացը հնարավորություն կտա խաթարել կոմբինատի աշխատանքը։ Պնդում ենք, որ այն ինչ պլանավորում են ՀՀ իշխանությունները ունեն բացառապես քաղաքական երանգներ»։
Սոնա Հարությունյան