Մինսկի խումբը մեզ ասում էր՝ ինքնորոշման իրավունքը ունեք, Ադրբեջանին էլ ասում էր՝ ձեր տարածքային ամբողջականության իրավունքը ունեք, վերջը ումն էր իրավունքը, այդպես էլ մնաց: News.am-ի փոխանցմամբ` այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ իր ելույթում նշեց Տեր Նաթան արքեպսիկոպոս Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ միշտ վախ է ունեցել, որ կկորցնենք մեր ձեռք բերած տարածքները, բայց չի կարծել, որ այսպես կլինի. «Կորցնելու վախը ավելի մեծացավ, երբ եկավ մի ժամանակ, երբ տեսա, որ Ավարայրը չի ավարտվել: մենք չէինք մտածում, որ Ավարայրը պետք է շարունակվի երկրի ներսում: Բոլշեւիկյան շրջանից հետո Եկեղեցու նկատմամբ նման վերաբերմեւնքներ դժվար թե եղած լինեին: Բայց այդ կազմակերպված գործողությունները եկեղեցու դեմ չէին, այլ հայի անկոտրում ոգու դեմ էր, որն անհնար էր գերեվարել: Սրա պատճառները ոչ միայն ներքին են, այլ արտաքին»,-ասաց արքեպիսկոպոսը:

Նա նկատեց, որ այսօր բոլորը խոսում են ժողովրդի անունից՝. «Ո՞վ է այդ ժողովուրդը: Այսօր ժողովրդավարություն եւ այլ տերմինների տակ մեզ փորձում են դրանով կերակրել, բայց երբ հանում ենք դիմակը, դա նեոբոլշեւիզմ է: Եթե լավ ուսումասիրեք, կտեսնեք, որ 2017 թվականը մեկը մեկին համընկնում է 2017-ի հետ, 1918-ը 2018-ի հետ, 1920-ը՝ 2020-ի հետ: Նույն կարգախոսներով, նույն ամենանուրբ տեղին խփելով: Իսկ նուրբ տեղն այն է, որ ժողովրդին ասում են՝ եթե մեկը քեզնից լավ է ապրում, ուրեմն գող է, քեզնից է գողանում:

Մեր նորորյա պատմությունն սկսվում է 2018-ից հետո, եւ այս ամենը նեոբոլշեւիզմի ամենավառ դրսեւորումներն են: Բոլշեւիկյան հեղափոխությունը սկսվեց եկեղեցիների դեմ պայքարով, եկեղեցիներ քանդելով, որովհետեւ իրենք էին ուզում լինել փրկիչը: Ինչպես այսօր ենք տեսնում, թե ովքեր են փրկիչները եւ ինչպես են փրկում:

Բոլշեւիկյան հեղափոխության ժամանակ ժողովուրդը բաժանվեց կարմիրի եւ սպիտակի, հեղափոխական եւ հակահեղափոխականի, լենինիզմի եւ տրոցկիստների, իսկ այսօր կա նիկոլիզմ եւ սերժռոբականություն»,-ասաց արքեպիսկոպոսը:

Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից մի քանի տարի անց Լենին սկսեց ՆԵՊ-ը՝ Նոր տնտեսական քաղաքականությունը. «Այսօր էլ մենք սկսում ենք նոր տնտեսական քաղաքականություն, որի հիմքում ընկնելու է երեւի թե Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ եւ առեւտուր ունենալը:

Երբ լիբերալներն ասում են՝ հանդուրժողականությունը շատ կարեւոր է, ես միշտ ասում եմ՝ եթե դուք անհանդուրժելին կարող եք հաանդուրժել, ես չեմ կարող: Անտանելին երբեք չի կարելի տանել»: