ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է կարգավորել երթեւեկությունը մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ երթեւեկության' որոշ չափով կաթվածահար վիճակը պայմանավորված է նրանով, որ ոստիկանության կողմից իրականացվող մի քանի միջոցառումներ համընկել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողության փորձերի հետ: «Մի քանի փողոցներում գծանշումներ են իրականացվում: Ճանապարհային ոստիկանությունն անում է ամեն ինչ, որպեսզի վարորդներին որքան հնարավոր է' քիչ տհաճություն պատճառվի»,-ասաց Ահարոնյանը: Այս միջոցառումների համար ընտրվել է հենց շաբաթ օրը, քանի որ այն ոչ աշխատանքային է, եւ երթեւեկությունն այդքան էլ ծանրաբեռնված չէ:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետի հավաստմամբ' այս պահի դրությամբ բոլոր փակ փողոցները շուտով կբացվեն: Նա խորհուրդ տվեց խուճապի չմատնվել:
ժամանակ առ ժամանակ դժվարանցանելի կամ անանցանելի են դարձել Մաշտոցի պողոտան եւ Բաղրամյան պողոտայի մի հատվածը: