«Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել, ամենաանվտանգ տեղերը պատերազմի ժամանակ եղել են Նախագահական շենքի շրջակայքում»,- այս մասին Yerevan.today-ին, Hayeli.am-ին և Politik.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը' նշելով, որ պատերազմի օրերին ոտքով էր քայլում այդ շենքի շուրջը, որովհետև արդեն երրորդ օրը հասկացել էր, որ խնայվում է այն:
«1992-94 թվականներին, պետական պաշտպանության կոմիտեի նախագահ եղած ժամանակ, իմ նստավայրը եղել է Կառավարության շենքը, և ամեն օր, մոտ 12, 13 անգամ շենքը ռմբակոծվում էր, շենքի վրա անգամ մեկ ապակի չէր մնացել, իսկ շենքի շուրջը կարծես մարտական դաշտ լիներ։ Եվ մենք երկու տարի նստել ենք այդ պայմաններում։ Իսկ այժմ ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններն էին հավաքված, և երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել։ Ինչո՞ւ էր իրենց հետաքրքրում օրինակ Ջալալի գրասենյակը, ինչո՞ւ էր հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին Շուշիում։ Այս ամենը հարցեր են, որոնց ոչ-ոք չփորձեց պարզաբանել»։
Քոչարյանը խոսեց նաև այն մասին, որ Հայաստանից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ էին գտնվում Արցախի նախագահական շենքում և գուցե հենց նրանց խնայելու համար չէր ռմբակոծվում այդ շենքը: