Կառավարությունը կրկին խուսափում է հատուցում պահանջել Ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել GPartners իրավաբանական գրասենյակի փաստաբան Սարգիս Գրիգորյանը:
Հայտարարությունում ասվում է.
«Այս տարվա հունվարին Հայաստանը առաջին անգամ ստանձնել է Էներգետիկ Խարտիայի կազմակերպության նախագահությունը (Energy Charter Conference), որին անդամակցում են 55 երկրներ, իսկ որպես դիտորդներ մի շարք այլ միջազգային կառույցներ, օրինակ' Համաշխարհային բանկը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և այլն։ Լինելով բացառիկ' այս կազմակերպության հիմնական նպատակն է սահմանել էներգետիկ բնագավառում միասնական իրավական դաշտ և «խաղի կանոններ», ինչպես նաև կարգավորել առևտրի և տրանզիտին առնչվող խնդիրները:
Այսպես, 2020 թվականի դեկտեմբեր ամսին' մինչև Հայաստանի կողմից նախագահության ստանձնումը, կառավարությունը հռչակել է իր առաջնահերթությունները Էներգետիկ Խարտիայի կազմակերպությունում, որտեղ հայկական կողմը ընդհանրապես չի բարձրացրել արցախյան երկրորդ պատերազմի անդառնալի և մեծամաշտաբ հետևանքների հարցը Արցախի էներգետիկ համակարգում։ Հատկանշական է, որ Հայաստանը 2021 թվականի նախագահությունը ստանձնել է Ադրբեջանից, որը այս տարվա նախագահությունում նաև առաջադրել է իր ներկայացուցչին, ենթադրաբար, նպատակ հետապնդելով «վերահսկելու» Էներգետիկ Խարտիայի կազմակերպությունում Հայաստանի գործողությունները։
Կարևոր է նշել, որ Արտաքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ Էներգետիկ Խարտիայի կազմակերպությունում ձևավորել են մի օրակարգ, որտեղ ամեն բան ընդգրկված է, բացի այն կարևոր խնդրից, թե ինչ անդառնալի վնասներն են պատճառվել Արցախի էներգետիկ համակարգին, ներառյալ այն էներգետիկ ակտիվներին (օրինակ' «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ն), որոնց մի մասը հարկադրաբար թողնվեց Ադրբեջանի տարածքում, իսկ մյուսը ոչնչացվեց։ Պետք է նշել, որ այդ նույն պաշտոնյաների նախնական գնահատականով հասցված վնասների չափը հասնում է մինչև 200 մլն դոլար, եթե ոչ ավելին։
Փաստացի, գործող կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն (պարտվողական), որը բացառում է ներկայացնելու որևէ նյութական պահանջ ընդդեմ Ադրբեջանի կառավարության, օրինակ' Արցախի էներգետիկ համակարգին պատճառված փաստացի վնասների հատուցման համար։ Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը և իրեն հարակից փաստաթղթերը (ներառյալ' գործող հարակից կառույցները) պարունակում են որոշ գործիքակազմ, որի շրջանակում Հայաստանը կարող էր թելադրել իր օրակարգը այդ միջազգային հարթակում, ինչպես նաև ներկայացնել վնասների հատուցման պահանջ Ադրբեջանի դեմ։ Ավելին, Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը առաջարկում է յուրօրինակ վեճերի լուծման մեխանիզմ պայմանավորվող կողմերի միջև։ Հարց է առաջանում, թե արդյոք գործող կառավարությունը ունի ցանկություն և կարողություն ներկայացնել իրավունքների վերականգնման կամ հատուցման պահանջներ ընդդեմ Ադրբեջանի։
Մյուս կարևոր հարցն է, թե արդյոք այս կառավարությունը տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման բանակցություններում կարող է առաջ քաշել իր «ազգային» օրակարգը, որտեղ, օրինակ' կներառվեն էներգետիկ բնագավառի տարանցման, առևտրի և այլ հարցերը։ 2021 թվականի ընթացքում, Էներգետիկ Խարտիայի կազմակերպության նախագահությունը ընձեռնում է Հայաստանին բացառիկ հնարավորություններ ընդլայնելու իր դերը էներգետիկ ծրագրերում, ինչպես նաև ուղղակիորեն լուծելու էներգիայի տարանցման հետ կապված որոշ բարդ քաղաքական, տնտեսական և իրավական խնդիրները:
Վստահ եմ, որ վաղ թե ուշ, Հայաստանը կունենա նոր իշխանություն, որը կառաջնորդվի ազգային շահերով, օրինակ' պահանջելու փոխհատուցումներ տարբեր միջազգային ատյաններում թե Ադրբեջանից և թե Թուրքիայից, և ավելին, ինչպես նաև կարող է լինել էներգետիկ համակարգում տարածաշրջանային խաղացող։