«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգելելու նպատակով:
«Նախագծում կան շատ խնդրահարույց և թերի կետեր, կարող եմ փաստել, որ նախագծի հեղինակները հաջողության չեն հասել»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:
Նա այն կարծիքին է, որ թեև սահմանափակումը այդքան էլ մեծ և ռեալ վտանգ չի ներկայացնում լրագրողական դաշտի համար, այնուամենայնիվ այդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը չկա. «Նախագծով չի արգելվում տվյալ աղբյուրից ստացված տեղեկատվության հրապարակումը, պարզապես տեղեկատվության ողջ պատասխանատվությունը պետք է կրի տվյալ լրատվամիջոցը»,- ասաց նա՝ հավելելով՝ այդ նախագծով լրագրողի առջև հավելյալ պատասխանատվություն է դրվում, որով հենց լրագրողը կստանձնի տվյալ տեղեկատվության իսկության համար պատասխանատվությունը:
Դոյդոյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև նախագծի թերի կողմերին. «Նախագծով սահմանվում է, որ լրատվամիջոցների հովանավորությունը, կլինի դա 1000 դրամ, թե 1 մլն, պետք է արտացոլված լինի ԶԼՄ-ի ֆինանսական հաշվետության մեջ, որը սխալ մոտեցում է, ինչ-որ նվազագույն շեմ է պետք սահմանել, օրինակ, կես մլն դրամ և ավելի նվիրատվություն կատարած անձանց տվյալները նոր արդեն արտացոլված լինեն ֆինանսական հաշվետվություններում, հակառակ դեպքում՝ լրացուցիչ տեխնիկական բեռ ենք դնում լրատվամիջոցների վրա»,- պարզաբանեց Շուշան Դոյդոյանը:
Իսկ մյուս թերի կողմը, որը մեր զրուցակիցը ցանկացավ նշել, վերաբերում էր «անանուն աղբյուր» հասկացությանը, որը զետեղված էր նախագծում. «Անանուն աղբյուր տերմինը ընդհանրապես սխալ է գործածված, քանի որ անանուն աղբյուրները շատ ավելի լայն ու ընդարձակ հասկացություն են, ձևավորված պրակտիկա կա, և նման տերմինի սխալ և աղճատված օգտագործումը արդեն իսկ կարող է պրակտիկայի համար վատ և վնասակար պատճառ հանդիսանալ, որը նույնպես ճիշտ չէ»:
Իսկ հաջորդ կարևորագույն խնդիրը, որով փորձ է արվում լուծել, ըստ Շուշան Դոյդոյանի, լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության հարցն է և ֆինանսական հաշվետողականության բարձրացումը. «Շատ եմ կարևորում այս կետը և վաղուց պետք է լուծում տրվեր այս խնդրին, բայցև շատ կետեր կան, որոնք թերի են ներկայացված և լիարժեք չեն, պետք է վերադառնան հետ և մասնագիտական քննարկումներ անցկացնեն լրագրողական համայնքի հետ և գտնեն այն ոսկե միջինը, որը չի վնասի լրատվամիջոցի ազատությանը և չի սպառնա նրա ֆինանսական աղբյուրներ ունենալու հնարավորությանը »,- ընդգծեց Շուշան Դոյդոյանը:
Նա անընդունելի համարեց տվյալ նախագծի երևան գալը՝ դրա մասին նախապես առանց լրագրողական համայնքին տեղյակ պահելու. ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների մշակման ընթացքը իրականացվում է մասնագիտական համայնքի անմիջական մասնակցությամբ, ոչ թե մենք գրենք, դուք կարդաք, հետո կարծիք ասեք: Մենք համատեղ պետք է մշակենք նման կարևորագույն, առանցքային իրավական ակտերի որևէ տառի, բառի փոփոխություն »,- եզրափակեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը:
Հիշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ոչ վաղ անցյալում աշխատում էր որպես լրագրող, շատ հաճախ, անմասն չէր մնում անանուն աղբյուրներին կամ օդում կախված լուրերին հղում տալուց: Եվ ով, եթե ոչ նախկին լրագրողը լավագույնս պետք է տիրապետեր լրագրողական գործունեության նրբություններին:
Լրագրողական գործունեությունը սահմանափակող այս նախագիծը գուցե նաև պայմանավորված է այն հանգամանաքով, որ վերջին շրջանում լրագրողների, այսպես կոչված, անանուն աղբյուրները սկսել են «շատ խոսել» և շատ տեղեկություններ տրամադրել, ինչը հավանաբար դուր չի եկել իշխանություններին:
Զվարթ Պետրոսյան