Լեհաստանի արդարադատության նախարարությունն առաջարկել է հղի կանանց համար «լացի սենյակներ» ստեղծել, հայտնում է Notes from Poland-ը:
Այսպիսով, գերատեսչությունը որոշում է կայացրել աջակցել աշխատող կանանց' հղիության ընդհատումն արգելելու մասին Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ հղի կանայք կարող են այցելել «լացի սենյակներ»՝ լաց լինելու համար: Բացի այդ, նրանք նախատեսում են հոգեբանական և սոցիալական աջակցություն ցուցաբերել: Լեհաստանում հղիության արհեստական ընդհատումն արգելված է 1933 թվականից: Միակ բացառությունները այն դեպքերն են, երբ հղիությունը սպառնում է կնոջ կյանքին կամ առողջությանը, երբ առկա է պտղի զարգացման ծանր և անշրջելի խանգարումների կամ նրա կյանքին սպառնացող անբուժելի հիվանդության վտանգ, կամ երբ հղիությունը բռնաբարության հետևանք է:
Լեհաստանի Սահմանադրական դատարանը վերջերս հրապարակեց իր որոշումը, որով կրճատվեց հղիության ընդհատումը թույլատրելու պատճառների քանակը՝ դրանցից բացառելով չծնված երեխայի զարգացման լուրջ խանգարումները: Դրանից հետո Վարշավայում և երկրի այլ շրջաններում սկսվեցին լայնածավալ բողոքի ցույցեր, որոնք մինչ այժմ չեն դադարում՝ չնայած կորոնավիրուսային համաճարակին և զանգվածային միջոցառումների արգելքին: