Այն բանից հետո, երբ ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորին համեմատեց «Նիկոլի ուսապարկի» հետ՝ ասելով, որ եթե տվյալ պատգամավորի հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», այդ պատգամավորը մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ:
ՔՊ խոսնակի այս համեմատությունը քննադատությունների և քննարկումների ալիք բարձրացրեց. ֆեյսբուքում հասարակությունը սկսեց «Նիկոլի ուսապարկ» անվանել իմքայլական պատգամավորներին:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ, պարզելու՝ արդյոք չի նեղսրտում, որ իրեն համեմատում են «Նիկոլի ուսապարկի» հետ:
Մեր այս հարցը առաջացրեց պատգամավորի զարմանքը. «Ի՞նչ է նշանակում ասել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկ: Ես այդպես չեմ կարծում»:
Դիտարկմանը, թե հասարակության լայն շերտն է այդպես կարծում, Մանուկյանը նշեց. «Արտահայտվել եմ և չեմ ուզում կրկնվել»՝ հավելելով, թե ինչու է այդ հարցը հետաքրքրում լրագրողին՝ ինչին ի պատասխան նշեցինք, որ դա ոչ թե լրագրողի անձնական հետաքրքրությունների շրջանակից բխող հարց է, այլ հասարակության: