Շարունակվում է «Նաիրիտ» գործարանի ապամոնտաժման գործընթացը, բայց, ըստ Կառավարության համաձայնագրի, պետք է չապամոնտաժվեր: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:

2019 թվականին բիզնես-առաջարկ է ընդունվել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների միջև, ըստ որի, գործարանը պետք է վերագործարկվի, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Սա նաև բացառում է գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը:

«Դեռ անցյալ տարի կառավարության ներկայացուցիչների և մեր համակարգող խմբի միջև ստորագրվեց փաստաթուղթ, որով պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ Նաիրիտ գործարանի սարքավորումները վաճառել ամբողջական միայն այն դեպքում, երբ Կառավարությանը բիզնես-առաջարկ ներկայացված կլիներ: Այսինքն՝ Կառավարությունը հայտարարել է, որ գործարանից որևէ բան պետք է չվաճառվի, պետք է վաճառվեն միայն այն ապրանքները, որոնք անհրաժեշտ չեն հետագա աշխատանքի համար: Իրականում այսօր վաճառվում են ապրանքներ, բայց, թե ինչ ապրանքներ են՝ չենք կարող ասել»,- ասաց նախկին տնօրենը:

Շուրջ 5 ամիս գործարանի աշխատակիցներին չեն վարձատրել: Իսրայելյանը վստահ է՝ այդպես է, որպեսզի վերջիններս կրկին բողոքի ակցիաներ իրականացնեն, պահանջեն ցանկացած գնով վճարել իրենց աշխատավարձերը, իսկ Կառավարությունն էլ «ստիպված» կթույլատրի  «Նաիրիտ» գործարանը մաս-մաս վաճառել:

«Կառավարիչը աշխատակիցների աշխատավարձերը չի վճարելու, դիմելու է Կառավարությանը պահանջով՝ ես չեմ կարող աշխատավարձերը վճարել, կարող եմ միայն այն դեպքում, երբ թույլատրեք վաճառել «Նաիրիտ» գործարանը մաս-մաս, նպատակային: Ես վստահ եմ, որ հիմա նույն բանն է կատարվում, աշխատավարձ չի վճարվում, որպեսզի աշխատակիցները կրկին բողոքի ակցիաներ իրականացնեն, գնան Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վճարել աշխատավարձերը»,- ընդգծեց Իսրայելյանն ու հավելեց. «Սրա նպատակն է՝ գործարանում՝ այսօրվա դրությամբ ինչ-որ կա՝ թալանեն, վերջացնեն»:

 

Արփինե Հակոբյան