ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ փետրվարի 13-ին դիմել էին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ իրենց մտահոգությունները հայտնելով Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Կոնգրեսականները նամակում նշել են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը չի լուծում Արցախի վիճելի տարածքների հարցը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները կվերանայի իր քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ հետաքրքրվելու, թե հայկական կողմն ի՞նչ կարող է սպասել այս ամենից։
«Դա որևէ գլոբալ ազդեցություն չի կարող ունենալ հայկական կողմի վրա, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Արցախում նոյեմբերի 9-ին, ՀՀ կապիտուլիացան էր, որի հետևանքները մենք մինչև հիմա ըմբոշխնում ենք և դեռ ըմբոշխնելու ենք շատ ցավալի արդյունքներով»,- նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ կոնգրեսականների կամ այլ երկրների օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հայտարարություններին, քաղաքագետը դրանք առ ոչինչ համարեց. «Այդպես եմ մտածում, քանի որ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ արտաքին քաղաքականության որոշողները կառավարության ղեկավարներն են կամ երկրի նախագահները: Իմ կարծիքով՝ Ջո Բայդենին այս փուլում բացարձակ չի էլ հետաքրքրում այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, ինքն առավել շատ իր ներքին խնդիրներով է տարված, իսկ արտաքին քաղաքականության բնագավառում Արցախյան հիմնահարցը շատ-շատ հեռու է ամերիկյան առաջնային շահերից»,- ընդգծեց քաղաքագետը:
Նա նշեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը շատ կտրուկ փոփոխությունների ենթարկեցին տարածաշրջանը և այդ ամենի վերականգնման վերագրումը ԱՄՆ-ին կամ այլ երկրներին, սխալ է, քանի որ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, շատ դժվար է տարածաշրջանը բերել իր նախկին տեսքին. « Այնպես որ, գլոբալ առումով, այս ստատուս քվոն դեռ կմնա, իսկ տարածաշրջանային առումով Հայաստանը շարունակելու է կորուստներ ունենալ բոլոր առումներով, քանի դեռ իշխանությունը գտնվում է կապիտուլանտ Նիկոլի ձեռքում»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Վերջինս այն կարծիքին է, որ որքան էլ որևէ դրական փոփոխություն նկատելի չէ հայ-ամերիկյան հարաբերություններում, այնուամենայնիվ, նա այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգտնությունը կարող է կրճատվել. «Առանց այն էլ ռազմական օգնությունը մեկ միլիոն ամերիկյան դոլար է կազմել: Ես չեմ կարծում, որ այդ գումարը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ ադրբեջանական բանակի ֆինանսավորման մեջ, եթե հաշվի առնենք, որ նույն պաշտոնական Բաքուն կարող է իրեն թույլ տալ ընդամենը մեկ պայմանագրով 5-6 մլրդ դոլարի զենք գնել նույն Ռուսաստանի Դաշնությունից, Իսրայելից կամ այլ երկրներից»,- նշեց նա:
Քաղաքագետն ասաց, որ ամենածանր վիճակում մեզ մոտ համարվում է արտաքին քաղաքականությունը. «Եթե ներքաղաքական գործընթացներում Նիկոլ Փաշինյանին հաջողվում է կեղծիքի, ստի, մանիպուլիացիաների միջոցով վերահսկել իրավիճակը, ապա արտաքին քաղաքականության ոլորտում Նիկոլ Փաշինյանի ստերը և կեղծիքները բացարձակ չեն անցնում: Աշխարհում չեն հարգում պարտվածներին և չեն հարգում կապիտուլյանտներին, որը, իր արտացոլումը, ցավոք սրտի, թողնում է առաջին հերթին հենց ՀՀ-ի վրա» ,- եզրափակեց քաղաքագետը:
Զվարթ Պետրոսյան