Փետրվարի 17-ին պաշտոնական «edraft.am» կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ դատախազության մշակած և արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանությունների ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը։

Սակայն, կա մեկ վտանգ ևս, որը այսօր արհամարվում է նախարարի կողմից՝ մասնավորապես՝ ԵԽԽՎ 1577 (2007) բանաձևը, որի 17․6 կետը պահանջում է վիրավորանքին և զրպարտությանը վերաբերող օրենսդրությունից հեռացնել պաշտոնատար անձանց հավելյալ պաշտպանությունը՝ ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի։ Ավելին, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային որոշման, լրագրողական ազատության բաղկացուցիչ մաս է կազմում որոշակի չափազանցությունների և նույնիսկ սադրանքի դիմելը։

Սա առաջին դեպքը չէ, իհարկե, երբ նախարարը աչք է փակում միջազգային կառույցների հնարավոր արձագանքի վրա ՝ առաջ քաշելով, մեղմ ասած, հակաօրինական նախագծեր՝ միտված իշխանությունների կյանքը թեթևացնելուն, սակայն, այս դեպքում Հայաստանը կարող է բախվել բավականին լուրջ խնդիրների, մասնավորապես՝ ենթարկվել միջազգային սանկցիաների միջազգային կառույցների պահանջները չկատարելու պատճառով: Կարծես թե, այս իշխանությունները ընդհանրապես վիզ են դրել, որպեսզի Հայաստանին պարզապես հեռացնեն օրինակ՝ նույն ԵԽԽՎ-ից: Բադասյանը պետք է ի վերջո կողմնորոշվի՝ ինչն է իր համար ավելի կարևոր` այն որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակից նախարար-պատգամավորները պաշտպանված լինեն վիրավորանքից, թե այն, որ Հայաստանը շարունակի մնալ միջազգային իրավական ընտանիքի լիարժեք անդամ և այդ ընտանիքի կողմից սանկցիաների չենթարկվի` հերթական անգամ հայտնվելով իզգոյի կարգավիճակում: