Դժվար է ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի և ինչ սկզբունքով կգեներացվի այս շոու-պրոցեսի հերթական փուլը, որովհետև ես վաղուց հրաժարվել եմ ողջամտության, տրամաբանության շրջանակում դիտարկել և մեկնաբանել այս կապիտուլյանտների որևէ արարք: Կարծում եմ՝ իրավաբանները ևս ներկայացրել են հարցի իրավական, փաստական կողմերը, որոնք ուղղակի հորինվածք են: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ խոսելով տեղի ունեցող քաղաքական հետապնդումների մասին:
«Մենք ականատես ենք հերթական ռեպրեսիվ գործողությունների թափին և ավելացմանը: Սա, իհարկե, ոչ մի լավ բանի մասին չի վկայում և առաջին հերթին խոսում է այն մասին, որ պետությունը ավելի է գլորվում անդունդը, և այս ամենի պատասխանատուներն ու մեղավորները միայն այս եղանակով են փորձելու կառչել իրենց իշխանությունից և այսպես շարունակ: Որևէ նոր ձեռագիր ես այս ամենում չեմ տեսնում: Անշնորհակալ բան է այս իրավիճակում որևէ կանխատեսումներ անել ողջամտության սահմաններում»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ Կարեն Բեքարյանը և արդեն կալանավորված անձինք, ինչպես, օրինակ, Արա Սաղաթելյանը, այնպիսի մարդիկ են, որոնք իրենց ամբողջ կյանքը դրել են պետության, պետականության ամրացման, ոլորտների կայունացման համար:
Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություն համար այս մարդիկ հաճելի չեն, քանի որ նրանք բազմիցս բարձրացրել են հարցեր, որոնք ակնհայտ ցույց են տալիս իշխանության տապալած գործողությունները, որն էլ պատասխանն է այն բանի, թե ինչու են հենց նրանք ենթարկվում քաղաքական հետապնդման
Այն սերվերների համընկնումները, որոնց մասին խոսվում է, ըստ որոնց, Բեքարյանը կարող է կապ ունենալ կեղծ օգտահաշիվների հետ, Սաղաթելյանը որակեց որպես ծայրաստիճան հիմարություն. «Ինձ հետաքրքիր է՝ իրենք հասկանում են, թե ինչ են գրում կամ ինչ փաստական տվյալներ են բերում: Թե ոնց են հետո դուրս գալու սրա տակից, ես, ճիշտն ասած, վատ եմ պատկերացնում»: