2020թ.–ի 44–օրյա պատերազմի մասնակից, հրետանավոր Ալբերտ Հովհաննսիյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան հրապարակումներից է տեղեկացել քաղաքացիներից մեկի խնդրանքի՝ Երեւանում Ալբերտի արձանը տեղադրելու եւ այդ առաջարկը ԿԳՄՍ նախարարության կողմից մերժելու մասին։
«Ես այդ նախաձեռնության հետ ոչ մի կապ չունեմ, ես էլ Ձեր նման սոցցանցերից եմ տեղեկացել այդ մասին։ Ֆեյսբուքյան օգտատերերից Լիլիթ Մովսիսյանը շատ ճիշտ գրառում էր արել այդ թեմայով, եւ ես միայն կարող եմ ասել, որ նրանք ովքեր մտածում են, որ պետք է քննադատեն, եւ նրանք, ովքեր մտածում են, որ ճիշտ են արել, թող այդ գրառումը կարդան։ Իսկ լիքը հայրենասեր մարդիկ գիտեն իրենց անելիքը, դա ո՛չ իմ ասելով է, ո՛չ իմ նախաձեռնությունն է, ո՛չ էլ ես երբեւէ նման բաների մեջ մտել եմ։ Ես միայն կարող եմ իմ հավանությունն ու օրհնությունը տալ նման գործերի հետ կապված։ Եվ առհասարակ, Ալբերտը միայն իմ տղան չէ, ինքը ամբողջ հայ ազգի սիմվոլն է, ինձ համար շատ տխուր է երեւույթը, բայց ես չեմ էլ ուզում խորանամ մարդկանց արարքների մեջ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արտակ Հովհաննիսյանը։