ՀՀ վարչապետի գլխավորությամբ երթը, որը մեկնարկել էր Տիգրան Մեծի պողոտայից, ավարտվեց Գարեգին Նժդեհի հրապարակում:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա առաքելությունն իրենք կատարեցին՝ արձանագրելով ժողովրդի՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների դիրքորոշումը: «Դիրքորոշումը հետևյալն է՝ հանրապետության նախագահը, կարծում եմ, պետք է ստորագրի գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը պետք է դիմում գրի հեռանալու վերաբերյալ:
Երկրորդ՝ այս պահից մենք մեր ակցիաները դադարեցնում ենք և առաջարկում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես դադարեցնեն: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք քննարկումների հետագա անելիքների վերաբերյալ: Հետագա անելիքների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով:
Հիմա ես կգնամ Կառավարություն, մի քանի խորհրդակցություններ կանենք և կկայացնենք որոշումներ: Մեր կարգախոսը հետևյալն է՝ «Վե՛րջ թավիշին»: Բոլորը հնարավորություն ստացան՝ ով օգտագործեց, օգտագործեց, ով չօգտագործեց, պետք է ժողովրդի կամքը կատարվի»,- ընդգծեց Փաշինյանը:
Վերջում նա կոչ արեց կրկին մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի հետևանքով զոհված մեր հայորդիների հիշատակը:
Քիչ առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով.
«Սիրելի հայրենակիցներ. մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար: Նախորդ ուղիղ եթերի վերջում կարճ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եզրափակիչ ասելիքը: Վերջ թավիշին»: