«Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում Հայաստանը չի օգտագործել իր «Իսկանդերները», բոլոր հրթիռային զինամթերքները եղել են երկրի զինված ուժերի պահեստներում»,- այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում օգտագործված «Իսկանդեր» հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10% -ով»․ «Ըստ մեր օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության, այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել հակամարտության ընթացքում: Բոլոր հրթիռային զինամթերքները գտնվում են Հայաստանի Հանրապետություն զինված ուժերի պահեստներում», - ասել է նախարարության ներկայացուցիչը։
«Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն», - ասված է հաղորդագրության մեջ:
«9K720-E (Իսկանդեր-Է) օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը փորձարկվել և բազմիցս հաջողությամբ օգտագործվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ մարտական պայմաններում: Սա մեզ լիարժեք հիմք է տալիս պնդելու, որ 9K720-E հրթիռային համակարգը աշխարհում իր դասի լավագույնն է», - ասվում է հաղորդագրության մեջ: