Ըստ իմ աղբյուրի՝ EK-FAA B737-300 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին, գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանն՝ անդրադառնալով օրերս տարածված տեղեկությանը, թե փետրվարի 21-ին ՀՀ ՔԱԿ-ը հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից։
Նա, մասնավորապես, գրել է․
«EK-FAA B737-300 օդանավի սեփականատերը լիտվական Magnetic Leasing վարձատուն է, օդանավը վարձակալությամբ տրվել է Fly Armenia-ին անցած տարվա ամռանը, մեր ՔԱԿ-ը այն գրանցել է այս տարվա հունվարին։
Օդանավը փետրվարի կեսին դատարկ չվերթով ուղեւորվել է Տալլին'տեխնիկական սպասարկման, հետո Վառնա'նույնպես տեխսպասարկման, հետո Շարջա նույնպես տեխսպասարկման' այս վերջին չվերթի վերջում օդաչուները emergency landing են ուզել Թեհրանի օդանավակայանի վերգետնյա ծառայություններից եւ իջել Թեհրան' 21/02/2021-ին։
Ըստ իմ աղբյուրի օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին։ Գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։
Կա տեղեկատվություն (ես դեռ ինքս չեմ ճշտել), որ Fly Armenia-ին պատկանող մյուս բոինգը EK-FAB գրանցման համարանիշով անցած տարվա դեկտեմբերի 2-ից նույնպես գտնվում է Թեհրանում։
Ինչ ասեմ…մի հրաշք վերահսկողություն ոլորտի ղեկավար ՀՀ ՔԱԿ-ի կողմից…
Չնայած'ինչ եմ կորցրել' ինչ եմ ման գալիս…»։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ փետրվարի 21-ին ՀՀ ՔԱԿ-ը հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից։ Ըստ նրա ունեցած տեղեկությունների՝ օդանավը պետք է վայրէջք կատարեր Երեւանում, բայց օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման:
«Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում։ Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սեւ ցուցակում»,- գրել էր նա։
Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Boeing 737 տիպի օդանավի առեւանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել, եւ ՔԱԿ-ը տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: ՔԱԿ-ի մեկ այլ հաղորդագրությամբ՝ նշված օդանավում ուղեւորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: