Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 18-ի որոշմամբ, Տարոն Չախոյանը նշանակվեց Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Շատերին հետաքրքրեց, թե ով է Տարոն Չախոյանը և ինչ կենսագրություն ունի: Նրա մասին տեղեկությունը, սակայն, անհայտ հանգամանքներով դեռ շարունակվում է անհասանելի մնալ հասարակության համար:

Տարոն Չախոյանի նշանակումից 1-2 օր հետո ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ, տեղեկանալու՝ երբ է նրա կենսագրությունը հասանելի լինելու Կառավարության կայքում, որն էլ, ի պատասխան մեր հարցի, ասաց. «Այսօր կամ ամենաուշը վաղն այն հասանելի կլինի Կառավարության կայքում»:

Նկատենք, որ նրա նշանակումից անցել է շուրջ 15 օր, սակայն մինչ օրս Տարոն Չախոյանի կենսագրությունը չկա կայքում։ Տեղեկանալու համար, թե ո՞րն է պատճառը այսօր ևս զանգահարեցինք Արմեն Խաչատրյանին. «Ես չգիտեմ, թե ինչու այն չկա կայքում, հիմա կփորձեմ հասկանալ, թե ինչ խնդիր կա, այսօր, անպայման, կդնենք կայքում»,- ասաց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

Թե որն է պատճառը, որ այսքան ձգձգվում է նորաթուխ տեղակալի կենսագրությունը հրապարակելու հանգամանքը, դժվար չէ կռահել, հավանաբար գրելու բան առանձնապես չկա, չէ որ հեղափոխական իշխանության կադրերից մեծ մասի ինքնակենսագրական տվյալները պարունակում են ծնվելու և պաշտոն ստանալու հանգամանքը:

Հավելենք, որ իր ֆեյսբուքյան էջում Տարոն Չախոյանը որդեգրել է իր համար ուրույն ձեռագիր, նա կարմիր եզրագծերի մեջ է վերցնում բոլոր այն հրապարակումները, որոնք իր թիմի քիմքին հարմար չեն և ջանասիրաբար լծվում է հերքման գործին: Նա, շատ հաճախ թիրախավորելով լրատվամիջոցներին, բարձրացնում է իր հավանումների ու մեկնաբանությունների թիվը, ինչի արդյունքում էլ հավանաբար ստացավ իր պաշտոնը:

Հուսանք, որ մեր այս գրառումը ևս կարժանանա նրա կարմիր եզրագծերին և հրապարակմանը իր էջում։ Իսկ մինչ այդ մնում է սպասել՝ Կառավարության կայքում երբ կլինի նրա կենսագրականը, որպեսզի վերջապես իմանանք, թե ո՞վ է Տարոն Չախոյանը արդեն՝ ֆեյսբուքից դուրս: