Արցախյան պատերազմում զոհված 19-ամյա Խորեն Հաջաթյանի մայրը՝ Ասյա Սահակյանը, ամեն տարի սրտի թրթիռով է սպասել որդու՝ մարտի 8-ի շնորհավորանքին։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տիկին Ասյան նշում է, որ հիմա էլ անհամբերությամբ միայն Խորենի շնորհավորանքին է սպասում։ Ամեն տարի այս օրը՝ մարտի 8-ին, տիկին Ասյան կբացի որդու՝ բանակից ուղարկած նամակը, կհուզվի ու կհիշի, որ Խորենը խնդրում էր միայն արժանիներին շնորհավորել։
«Արթնանալուն պես համբուրում ու շնորհավորում էր․ դա ինձ համար ամեն ինչ էր։ Հիմա կարդում եմ Խորենիս գրած նամակները ու ակամայից լաց լինում։ Ցանկացած հարցում անչափ ուշադիր էր»,- հուզմունքը խեղդելով՝ ասում է տիկին Ասյան, ապա հավելում՝ «փոքր տարիքում մեկ ծաղիկով էր շնորհավորում, երանի՜ այդ օրերը հետ գային»։
Անցյալ տարի այս օրը՝ 2020 թվականի մարտի 8-ին, Խորենը շնորհավորել է մայրիկի տոնը, ասել, որ ծառայությանը քիչ է մնացել, որ շուտով վերդառնալու է, իսկ մայրը հույսով սպասել, որ մի տարուց որդին իր կողքին է լինելու և կարևոր օրերը միասին են նշելու։
«Առաջինը դու էիր շնորհավորում ու հարցնում՝ ես եմ չէ՞ առաջինը շնորհավորել։ Հա, բալես, դու ես ու միշտ դու կմնաս»,- որդու նամակին ի պատասխան՝ ասում է մայրը։
Արփինե Հակոբյան
Խորենի նամակը